Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/51

Այս էջը սրբագրված է

լսած եմ, որ ուրիշ վայրերու մեջ, ուրիշ միջակներու պատմած է ան, թե ես կատարյալ երազող մըն եմ և տեսակ մը խենթ, արմանի միայն Հայտնության կիրքին հեղինակը կոչվելու։

Բարթող աղան հիանալ չի՛ գիտեր․ գիտե զարմանալ․ վասնզի հիացումն ըմբռնում կը պահանջե բարձր նորություններու և ճշմարտություններու, որոնք ապագայեն կուգան։ Ան կը զարմանա, վասնզի չի՛ հասկնար, չի հասկնար, վասնզի հոգին ձկտումներ չունի։ Ձկտումը ներշնչման ատակ հոգիներու հատուկ է։ Բարթող աղան չի ձկտիր, որովհետև ինքնագոհ է. ան կընդունի և կը հպատակի և զարմանալի է, ան կը հպատակի ոչնչություններու, որդերու, բավական է, որ որդերը պսակված ըլլան։ Նյութերը չի՛ եփեր, այլ ուրիշներե եփված նյութերը կը մարսե։ Կան մարդիկ, որ և ոչ իսկ կրնան մարսել, ինք անոնցմե չէ. անոնք հատակի մարդիկն են։ Բարթող աղան ոչ բարձրն է և ոչ ստորը. ան բրինձը չէ, որ հատակը կիջնե, և ոչ ալ արգանակը, որ վրան կելլե, այլ անիկա ապուրին ջուրն է, որ մեջտեղը կը մնա։ Ան միջակ մարդն է։

Եթե հարցնեք, թե ո՜րն է իրեն համար իտեալ կառավարությունը՝ պիտի պատասխանե. «Ա՜յն Սահմանադրական Միապետությունը, որ Լուի Ֆիլիպով իրագործվեցավ»։

Եթե հարցներ, թե ո՜րն է իր սիրած կինը՝ պիտի պատասխանե․ «Ա՜յն կինը, որ բեղնավոր կողեր ունի և գավաթ մը ջուր հրամցնելե վերջ ձեռք կը պագնես։

Եթե հարցներ, թե ո՜րն է իր նախընտրած հրապարակագիրը․ «Երվանդ Տեր-Անդրեասյանը» պիտի պատասխանեմ վասնզի միջակ մարդ է Բարթող աղան։