Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/510

Այս էջը սրբագրված է

7. Իր անունին արժանավոր շատ clement գործ մը ըրած եղավ — բառախաղ է. ֆրանսերեն clement բառը նշանակում է ողորմած, գթասիրտ։

8. Կատարինեն... թղթակցեցավ և իր մոտ կանչնց նաև Տիարոն, տԱլամպերը և Վոլթեռը — Եկատերինա Երկրորդը իր իշխանության ազնվականական էությունը թաքցնելու համար քողարկվում էր ազատամտության ծխածածկույթով։ Այդ նպատակով էլ նա ցուցադրաբար հովանավորում էր ֆրանսիական էնցիկլոպեդիստներին (տե՛ս № 9 ծանոթագրությունը) և նամակագրություն ուներ նրանցից շատերի հետ։

9. Հանրագիտականներ — խոսքը ֆրանսիական էնցիկլոպեդիստների՝ «Հանրագիտարան կամ գիտությունների, արվեստների և արհեստների բացատրական բառարանի» (1751—1780) հեղինակների մասին է։ Նրանք ավատական — պահպանողական կարգերի թշնամիներ էին, չէին ընդունում կղերական գաղափարախոսությունը և մեծ դեր խաղացին ֆրանսիական մեծ հեղափոխության գաղափարական նախապատրաստության խնդրում, նպաստեցեն սոցիալական ու գիտական առաջընթացին։ էնցիկլոպեդիոտները հալածվել են թե՛ իշխանություններից, թե՛ եկեղեցուց, այդ թվում ճիզվիտներից նույնպես։

10. Ֆերրերներու հայրենիքը — ակնարկված է Իսպանիան։ Գուարդո Ֆրանսիսկո Ֆերրերը (1859—1909) իսպանական լուսավորիչ էր։ Հալածանքների է ենթարկվել, հակակղերական ու հանրապետական գործունեության համար տարագրվել Ֆրանսիա, ձերբակալվել ու գնդակահարվել։

11. Ֆրանսերենի դեմ չեմ — ճիզվիտական դաստիարակության համակարգում ֆրանսերենի ուսուցմանր, հատկապես Արևեյքի երկրներում, առաջնակարգ կարևորություն էր տրվում։ Այն յուրօրինակ խայծ էր այլազգիներեն դավանափոխելու համար։ Չգիտակցելով դա, «Իրիսի» հոդվածագիրներից ոմանք (Մատեո, Ռուբեն Հերյան) խնդիր Էին դնում օգտվել ճիզվիտական դպրոցներից՝ ֆրանսերենին տիրապետելու համար։

12. Էջմիածնա Նահապետ պատրիարքը-խոսքը Նահապետ Ա Եդեսացի (Ուռհայեցի) մասին է, որ կաթողիկոս է դարձել 1691-ին։

13. Սեն-Պառթլըմի — խոսքը սուրբ Բարդուղիմեոսի մասին Է, որը ըստ Աստվածաշնչի Հիսուսի 12 առաքյալներից է և գլխիվայր խաչվել է քրիստոնեությունը տարածելու համար։ Վարուժանի ակնարկը սակայն վերաբերում է Բարդուղիմեոսյան գիշերին (1572, օգոստոսի 24), երբ Եկատերինա Մեդիչիի և կաթոլիկ պարագլուխների հրամանով Փարիզում սպանվեցին երեք հազար բողոքականներ (հուգենոտներ), որոնք հավաքվել էին նշելու իրենց առաջնորդ Հենրիխ Նավարացու (Հենրիխ IV) և Մարգարիտ Վալուայի ամուսնության հանդեսը։

14. Գոնվանսիոն — խոսքը ֆրանսիական Առաջին հանրապետության օրենսդիր ու գործադիր բարձրագույն մարմնի՝ Ազգային կոնվենտի մասին է, որն ստեղծվեց 1792-ի օգոստոսի 10-ի ժողովրդական ապստամբությունից հետո՝ սեպտեմբերի 21-ին և գոյատևեց մինչև 1795-ի հոկտեմբերի 26-ը։