Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/517

Այս էջը սրբագրված է

23. ՏԵՂԵԿԱԳԻՐ

(էջ 167)

Առաջին անգամ հրատարակվել է «Տարեկան տեղեկագիր Ս. Գ․ Լ․ ուսումնարանի 1912—1913 դպրոցական շրջանի. Հուսկ բանք տնօրեն Դանիել Էֆ. Վարուժանի շրջանավարտներու ուղղյալ» գրքույկում, Կ. Պ., 1913, Էջ 1 — 7։ ՈրևԷ այլ տպագրություն չի ունեցել։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

«Տեղեկագիրը» Վարուժանի՝ որպես Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ վարժարանի տնօրենի մեկամյա գործունեության հաշվետվութշունն է։

1. Երկրին և Հասարակությանս ներկա վիճակին մեջ — ակնարկում Է 1913-ի հունիսի 29-ին սկսված Երկրորդ բալկանյան պատերազմը, որին մասնակցում էր նաև Թուրքիան։

2. Հրավիրեց զմեզ ստանձնելու... Ուսումնարանին վարչությունը — Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարանը մինչև Վարուժանի տնօրինությանը հանձնելը գտնվում էր Կ. Պոլսի կաթոլիկ հայերի պատրիարք Պ. Թերզյանի տրամադրության տակ, որը դպրոցի շենքը դարձրել էր «կաթողիկոսական դիվանատուն»։ Հայ հռոմեական վարչական խորհրդի որոշմամբ 1912-ի օգոստոսի 10-ին վարժարանը գրավվում է և հանձնվում խորհրդի խնամակալությանը՝ հատկացվելով «հայ հռոմեական տղոց երկրորդական կրթության»։ Նախկին տեսուչ Թումայանը հրաժարեցվում է, և մի քանի օր անց տնօրեն է կարգվում Եվդոկիայից մայրաքաղաք տեղափոխված Վարուժանը:

3. Թերզյան նախորդ պատրիարքն — տե՜ս «Թերզյանի խնդիրը տեղվույս մեջ» հոդվածը և համապատասխան ծանոթագրությունները։

4. Սապպադյան Կ. պատրիարքի օրով — Պողոս Սապպաղյանը Կ. Պոլսի կաթոլիկ հայերի պատրիարք էր ընտրվել 1904-ի հուլիսին։

5. Ազգային Ժողով — կամ Ազգային ավագաց ժողով, Կ. Պոլսի կաթոլիկ հայերի ներքին գործերը կարգավորող մարմին, որի անդամ (երեսփոխան) ընտրվեց նաև Վարուժանը 1914-ի հունիսին։

6. Մեզի դեմ բացված եկեղեցական պաշտոնական հալածանքին — ուսումնարանի տնօրենությունը ստանձնելուց հետո Վարուժանի դեմ սկսվում են պաշտոնական հալածանքներ։ Մի քանի օր անց, օգոստոսի 18-ին Թերզյանը հրավիրում է խորհրդակցություն և եկեղեցականներից պահանջում, «Հայ կաթոլիկ տղաք պետք չէ այլևս ղրկվին Ս. Լուսավորիչ վարժարան» (տե՜ս «Բյուզանդիոն», 1913, թիվ 4819), պատրիարքարանի օրգան «Կաթողիկե արձագանգ» շաբաթաթերթը հոկտեմբերից սկսած տպագրում է Վարուժանին անվանարկող նյութեր՝ մեղադրելով նրան բողոքական տրամադրություններ քարոզելու և անբարոյականության մեջ։

7. Պուրսիեներ — ուսման առաջադիմությամբ աչքի ընկած աշակերտներ, որոնց նշանակվում էր կրթաթոշակ՝ նախնական պայմանավորվածությամբ, Եվրոպայում իրենց կրթությունը շարունակել կարողանալու համար։