Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/531

Այս էջը սրբագրված է

Վարուժանի արխիվում եղած և թանգարանի ֆոնդերում պահպանված ինքնագրերի հիման վրա էլ մենք ձեռնարկեցինք «Նամականիի» պատրաստմանն ու հրատարակությանը՝ Լրացնելով այն զանազան առիթներով տպագրված, ինչպես նաև սփյուռքից հայթայթված նյութերով։

«Նամականին» լույս տեսավ 1965-ին և լայն արձագանք գտավ թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքահայ գաղթօջախներում։ Ժողովածուն նպաստել նոր հասցեատերերի հրապարակ գալուն։ Ուզում ենք առաջին հերթին հիշատակել Արաքսի Վարուժանի՝ Կասաբլանկայում (Մարոկկո) ապրող երկրորդ ամուսնուն՝ Ժիրայր Աբիկյանին։ Նա տեղեկացրեց, որ իր մոտ մնում է Վարուժանի արխիվի մի կարևոր հատվածը և «Հացին երգը» ժողովածուի (1921) ամբողջ տպաքանակը։ Մեկնելով Կասաբլանկա և հանդիպելով Ժ. Աբիկյանին, մեզ հաջողվեց լուծել նաև այն տեղ գտնվող նյութերի խնդիրը։ Վարուժանի զավակների համաձայնությամբ Ժ. Աբիկյանը իր մոտ պահվող արխիվը ամբողջությամբ ուղարկեց Հայրենիք։

Արխիվի այդ մասը թանգարան հասավ 1968-ի օգոստոսին և մեծ չափով համալրեց թերին։ Ի շարս այլ նյութերի արխիվում էր գտնվում Ռաֆայել Պազարճյանին հղած Վարուժանի ընդարձակ, սևագիր, դժվարընթեռնելի և խիստ արժեքավոր մի նամակը (տե՞ս այս հատորում, № 65)։

Թանգարանում պահվող Վարուժանի նամակագրական ժառանգությունը թեև դանդաղ, սակայն պարբերաբար համալրվում էր նորանոր միավորներով։ Այդ գործում իր ներդրումն ունեցավ նաև գրողի վաղեմի ընկեր Հակոբ Սիրունին։ Նա հայթայթեց և թանգարանին նվիրեց Ռումինիայում բնակվող մանկավարժ, գրասեր Վահրամ Երեցյանին և Ավետիս էժտահարին գրած բանաստեղծի նամակները։ Մեր խնդրանքով Բեյրութում բնակվող Վահե Սեթյանը թանգարանին նվիրեց իր հավաքածուում պահվող Պիեր Մաեսին և Մերուժան Պարսամյանին հղած մի քանի նամակների ինքնագրերի լուսապատճենները։ Վազգեն Ա կաթողիկոսի միջոցով թանգարան հասան Վարուժանի ութ նամակները, որոնք ուղարկել Էր Իսահակ վարդապետ Վազարյանը։

Գենտում սովորելու տարիներին բանաստեղծը նամակագրական սերտ կապ է ունեցել Վենետիկի Մխիթարյանների հետ։ Սակայն նրանց գրած բոլոր նամակները չեն հասել մեզ։ Նոր նյութեր ստանալու մտահոգությամբ հարկ եղավ դիմել «Բազմավեպի» խմբագիր, բանասեր ու բանաստեղծ Մեսրոպ վարդապետ ճանաշյանին (այժմ՝ հանգուցյալ)։ Նա սիրով ընդառաջեց և ուղարկեց 14 նամակի լուսապատճեն, որոնցից հինգը հասցեագրված էին Հովհաննես Թորոսյանին, չորսական՝ Արիստակես Թասգանտիլյանին և Ռաֆայել Պազարճյանին ու մեկը՝ Դերենիկ Ճիզմեճյանին։ Թանգարանի տնօրինությունը դիմեց Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայր Անանիա վարդապետ Պողոսյանին, և նրա հանձնարարությամբ մատենադարանի դիվանապետ Սահակ վարդապետ Ճեմճեմյանը ուղարկեց Վարուժանի՝ Հ. Թորոսյանին, Ա. Քասգանտիլյանին, Գ. Գլըճյանին, Հ. Աթճիյանին