Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/571

Այս էջը սրբագրված է

բանաստեղծին արվեստին թերությունները...» («Բյուզանդիոն», 1912, թիվ 4819)։

5. Կըսեք, թե տեղ-տեղ պիտի մեղմացնեմ քննական խստություններս — Ռ. Պազարճյանի այն նամակը, ուր այդպիսի խոստում է տվել, թանգարան չի հասել։

6. Մեր բարեկամական ոճը — ակնարկել է իր և Ռ. Պազարճյանի փոխանակած նամակների բարեկամական տոնը։

7. Երեք քերթված անհաջող — պարզ չէ, թե ո՞ր բանաստեղծությունները նկատի ունի Վարուժանը։

8. Երեք քերթված միայն հաջող կը գտնեք — Ռ. Պազարճյանը «անթերի արտագրություններու» շարքն Է դասել «Սարսուռների» «Հայր, օրհնե՛», «Հիվանդ է» և «Մոխիրներուն առջև» բանաստեղծությունները։

9. Կը շռայլեք գովեստներ — Ռ. Պազարճյանը Վարուժանին համարել է «ինքնատիպ տաղանդ», նրա հայտնությունը՝ «մեր գրականության հորիզոնին ուշագրավ և բերկրալից երևույթներեն մին», խոստովանել, որ բանաստեղծն ունի «տաք և զգալուն սիրտ, բեղուն և հզոր երևակայություն», մատնանշել «զգացումներու բյուրեղային մաքրությունը, բառերու և պատկերներու աղու, հեշտին, հոսուն և ցայտուն ներդաշնակությունը» և այլն։

10. Չոպանյանի կոչած «Դուրյանական» անճշդությունը — ակնարկում է «Սարսուռների» մասին Ա. Չոպանյանի տպագրած հոդվածի այն նկատումը, որ Վարուժանի ժողովածուն «տարօրինակ խնամություն» ունի Պ. Դուրյանի տաղերի հետ, որ «հայ բանաստեղծներեն Դուրյանը Վարուժանի վրա ազդած է ամենեն ավելի» («Անահիտ», 1906, թիվ 6—7, Էջ 108 և 111)։

11. Տեր «փոխառությունը» — ըստ երևույթին Վարուժանին ուղարկված գրախոսության մեջ Ռ. Պազարճյանը պնդել է, որ «Սարսուռներում» շատ են Պ. Դուրյանից կատարած փոխառությունները, ինչը բանաստեղծը համարել Է ամբաստանություն ու ջանացել հերքել։

12. Կենսագրության՝ ալ գրած է — խոսքը Ա. Չոպանյանի «Պետրոս Դուրյան, կենսագրական և քննադատական ուսումնասիրություն» աշխատության (Թիֆլիս, 1894) մասին է։

13. Կանտի հայ ընկերներես մեկեն — հավանաբար ակնարկված է Գրիգոր Խանպեկյանը։

14. «Սարսուռներ» ժողովածուի «Մեռածին համբույր մը» բանաստեղժության 15-րդ տողը։

15. Պ. Դուրյանի «Տրտունջը» բանաստեղծության 33—34 տողերը։

16. «Սարսուռների» «Մուսային» բանաստեղծության և 33—34 տողերը։

17. Պ. Դուրյանի «Ներա հետ» բանաստեղծության վերջին քառատողը։ Նամակի բնագրում բնությունն բառի փոխարեն դրված է՝ ցնծաթյուն:

18. Պ. Դուրյանի «Առ կույսն» բանաստեղծության երկրորդ տողը։

19. Տարրաման — ըստ երևույթին պետք է լինի՝ տարրաբան: