Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/74

Այս էջը սրբագրված է

գինովցած. կը լսեմ, որ տղայոց մեկը կըսե․ ի՜նչ աղվոր խոսք է, Զիրտուշդ, ինչ-որ կուզես՝ թող ըսե, այդ գրողը ով որ է, լավ կը գրե։ Իսկ եթե հարցնեմ տղայոց, թե այդ ինչ ներդաշնակություն է, որմով ամենքը գինովցած են, քիթերնին պիտի ծռմռկին և թերևս մեջերեն մեկն ըսե. վերջալուս ձայներուն ներդաշնակությունն է։ Ուրիշ մը՝ տիեզերքի կազմության, ներդաշնակությունն է։ Մեկ ուրիշ մալ, մեջերնեն չարաճճին․ «Ի՞նչ կըսեք, այդ ներդաշնակությամբ կը գինովցվի, ուրեմն գինիի և մարսալայի ներդաշնակությունն Է»։ Ես ալ պիտի ըսեմ․ ինչ ալ զրուցեր, ստույգ չէ, քանի որ նախադասությանը իմաստը, խոսքը պակասավոր է, պետք է այդ ներդաշնակությունը աններդաշնակ Եվոլին Տավղին հարցներ։

Անմիջապես վերջը (կը տեսնա՞ս, ծայրե ծայր սխալ Է «երբ երկնքի աստղերեն (հարկավ երկնքի, երկրի աստղը, ո՞րն է) երբ երկնքի աստղերեն, ամբոխեն փախչելով ու միայնակ կուգա երազեցնող աստղը» Ամերիկայե՞ն կը փախչի, բայց նույն ամբոխը հոս ալ պիտի գտնե։ Ես ինծի կըսեմ․ թերևս ամբոխը աստղերուն կերթա։ Հետո անդրադառնալով․ բայց աստղերու խումբին ամբոխ չեն ըսեր։ Ես՝ ընթերցողս, ասիկա չհասկցա, դու՝ գրողդ, եթե հասկցար, քեզի պահե։

Քիչ մը վար․

«զի նորա երգերը սոսկ միայնության մեջ փառավորվին»: Այդ փառավորը քու անվանդ ածական մը դիր, իսկ երգերուն համար բառագրքիդ մեջ ուրիշ մակդիր մը փնտռե։

Քչիկ մըն ալ վար․

«Իր թևերուն վրայօք կը տանի մինչև երկինք»․ վրայեն օքը վերցուր․ գրպանդ դիր․ զայն ուրիշ տեղ մը պետք կըլլա։

Հիմա անցնիմ առջի քննադատությանս վրա գրած հերքմանդ մեկ մասին։

Զքեզ այսպես կը պաշտպանես (Տեղ մը մանրամասն քննելով աս բանս․ «Մանկությունը ծաղիկ մէ, աղոթքը նորա բուրումը»․ Կը հարցնես, թե միա՞յն աղոթքն է անոր բուրումը․․․ Լավ, ես ալ քեզ հարցնեմ, եթե մարդկությունը ծաղիկի մը նմանցնենք, աղոթքեն զատ ո՞ր բանը կրնա ըլլալ նորա քաղցրաբույրը)։