Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/90

Այս էջը սրբագրված է

1908


10. ՍԵՐՊԻԱ ԵՎ ԱՎՍՏՐԻԱ

Երբ Պուլկարիա՝ հնազանդ Եվրոպայի շռայլած խրատներուն, սվինը վար կիջեցնե և Թուրքիո դրամական փոխարինություն մը ընելու ձեռնարկին կը հանգի, անդիեն Սերպիան և Մոնթենեկրոն են, որ կը հեստին ընդդեմ Ավստրիո։

Սերպիա Ավստրիո դե՜մ — չէ՞ որ ծիծաղելի է այս. բայց չէ՞ որ թագաժառանգ իշխանը երկարորեն խոսակցեցավ Ռուսիո ձարին հետ, և արտաքին գործոց նախարարը՝ Միլանովիչ, Էտուարդ Կրեի հետ ունեցած տեսակցութենե մը հետո՝ անոր սիրալիր ընդունելութենեն համը բերանը մեկնեցավ։

Սերպիո գլուխը տաքցնողներ կան, կը հասկցվի։

Արդեն ըսվեցավ, վերապահությամբ և տարակույսներով, թե Պոսնա—Հերսեքի հարակցումին մեջ Ավստրիո ներքև Գերմանիան է, որ կը ծածկվի՝ անշո՜ւշտ։ Իսկ Սերպիո ներքև Ռուսիան և Անգլիան կը ծածկվին — այդ ալ անշո՜ւշտ։

Եթե խնդիրը քննենք եվրոպական ընդհանուր տեսակետով՝ ոչինչ փոխված է 1878-ի քաղաքականութենեն։ Անդլիան է, որ սխալ հաշիվ մը կը սրբագրե՝ ուրիշներու միջոցով։ Գերմանական տարրին դեմ թումբերը վերցնելն զղջացած՝ արդ կը տքնի պարիսպներ կանգնել անոր շուրջ։

Պատմության վրա ակնարկ մը այս բոլոր շարժումները պիտի լուսաբանե, գոնե անոնց այն մասը, որ եվրոպական է անտարակույս։

Հանգույցը Պեռլինի Վեհաժողովին մեջ է։ Երկու խոսք այս մասին։

Պոսնա-Հերսեքի «վարչական խնամակալությունր» Ավստրիո ներքև Պիզմարքի հաղթություններուն գլուխ գործոցներեն կը համարվի։ Ռուսիա 78-ի Վեհաժողովին մեջ կը մտներ կորսնցնելու համար Սան-Ստեֆանոյի դաշնադրությունը և