Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/94

Այս էջը սրբագրված է

ավելորդ չէ՞ր անդին զորքերու կազմակերպում և ռազմամթերքներու կուտակումները։

Ուրեմն տեղի պիտի ունենա՞ պատերազմը․

Մեր կարծիքով հավանական չէ այդ։ Պատերազմ մը ամեն պարագայի աղետավոր պիտի ըլլա Սերպիո ուղղակի շահերուն և Ռուսիո ու Անգլիո նպատակներուն։ Երբ հիմա Ավստրո-Հունգարիա խաղաղության վրդովման սկզբնապատճառ և սլավական տարրին անիրավող մը կը նկատվի, վաղը վաստկված հաղթական կռվե մը վերջ, ինչ որ տարակույս չի վերցներ, հաղթող մը իրավունքը պիտի ունենա, և ըստ այսմ պիտի կնքե իր դաշնագրությունը պարտվածին հետ։

Բայց խնդիրը հոս չէ։

Փոքր տերություններու գործելակերպ մըն է, որ միայն կը կատարվի։ Սերպական ժողովուրդին գերագրգռումը, իր տերության բողոքները և Իզովսքիի շոյանքներն ու թելադրությունները՝ իրենց ուղղակի արդյունքը հավանական է, որ ունենան գումարվելիք դեսպանախորհուրդին մեջ միայն։ Սերպիան սլավականության հետ պիտի նկատվի անիրավված մը։ Արդեն իրեն վարձատրություն մը ընելու խոսքը կա պաշտոնական շրջանակներուն մեջ: Տրինայի ափունքներուն վրա ոտք մը հող և Նովի-Պազարի մեջ զորավոր երաշխիք մը ընդդեմ Ավստրիական հնարավոր եղած ապագա ոտնձգություններու։ Հոս է լուծումը, հոս է, որ կը հուսա Սերպիան վարձատրվիլ, և Երրյակ համաձայնածները կը հուսան գերմանական ցեղին հառաջխաղացումը քայլ մըն ալ ետ մղել։

Ուրիշ տեսակետ մը։

Հա՞րկ կա Նովի-Պազարեն այսքան խիթալ, երբ Թուրքիան արդեն կը վերածնի ամեն օր նոր ատելությամբ ընդդեմ Ավստրիո և Գերմանիո կառավարությանց։ Հայտնի չէ տակավին թե այս տեսակետով Ֆրանսա և Անգլիա ի՞նչ ոճով կը խորհին։ Ֆրանսա կարծես ժամանակ մըն է՝ երդված է ռուսական կառավարությունը հարստացնել առանց անկե խեր մը տեսնելու։ Իսկ Անգլիո համար դժվար պիտի ըլլա մտածել թե այս վերջի պալքանական դեպքերուն մեջ Թուրքիո հանդեպ տարված է Ռուսիո քաղաքական հայացքներեն միայն,