Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/96

Այս էջը սրբագրված է

11. «ՎԵՀԱՃԱՇԸ»

Bon appetit, Messieurs[1]!

Տեղն է, որ մեծ բանաստեղծին խոսքը անգամ մը ևս կրկնվի։

Քաղաքականության մեջ ուտելը ստեպ անկումին նավակատիկն ընել է։

Այսպես էր Սուլթանին տված ճաշը։

Դիվանագիտական հացկերոյթներ կան, ուր կշտանալու համար չեն բազմիր։ Հավքաշը ամենակարևոր միջադեպն է այդ պարագաներուն մեջ։ Մութ հարցերն այդ խաղով կը խորհրդանշվին։ Ամենեն անկարևոր մասը, ամենեն կեղծը՝ բաժակաճառերն են․ լա՛վ գիտցեք զայդ։

Բայց Օսմանյան երեսփոխանները կշտանալու համար միայն և անշուշտ՝ գնացած էին, կամ լավ ևս հրավիրված Ցլտըզի Վեհաճաշին։ Պետք չէ՞ր միթե սահմանադրությունը առնել, և տոնել պալատին լիառատ մառաններուն մսաշերտերովը մնացած թերևս 1896-են ի վեր, այդ հոգ չէ՞․ նահատակներուն մարմինները չեն հոտիր․ լույսը աղած է զանոնք։

Ուրեմն՝ bon appetit, Messieurs!

Բայց միասին ուտելո՛վ է, որ կը հաշտվին, պիտի ըսեն։

— Այո՛, եթե հակառակորդիդ ճաշեն հազիվ ելած՝ չի զգաս, որ խռչափողիդ մեջ ոսկոր մըն է մխվեր, և ատոր հանցանքն ալ մասամբ մը քուկդ է։

Մեր Վեհաճաշն ալ այս տեսակեն է անպատճառ։

Բայց ամենեն հետաքրքիրն այն է, որ անիկա րիզայական քաղաքականության մանրանկարը կը ներկայացնե։

Մեր Երիտասարդ թուրքերը Հեղափոխությունը ալ այն աստիճան չափավորության հասցուցին, որ իրենց փռյուգական

  1. Բարի ախորժակ, բարոնա՛յք։