Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/10

Այս էջը սրբագրված է

Քու արգավանդ անույշ շունչդ է՝ որ կանցնի
Դալարավետ բըլուրներուն կողն ի վար։
Երդիքին վրա քընացող

60 Գեղջուկին աչքն ա՜լ կը բանա՝ Արշալույսն,
Եվ կը փակե՝ Լուսընկան:
Հյուղերն են լի համեմներու բույրերով,
Ավերակներն իսկ մոխրապատ՝ են զեղուն
Եղիճներու, մոլոշներու հունձքերով։
65 Ուռենիին տակ, Վանատո՜ւր, կը զոհեմ
Նոխազը, քեզ նըվիրված,
Նոխա՜զն, որուն լուսեղ մազերն հորդահոս
Քամակին վրա՝ ակոսի պես կը ճեղքվին․
Նոխա՜զն որ միշտ կը կըրծեր
70 Սուրբ շերտափակն այգիիդ։
Արյո՜ւն խըմե ու մի՜ս կեր, ո՜ Վանատուր,
Քու հինօրյա խըրախներովդ հեթանոս,
Զի հասկ աթուռ ցորյանին մեջ փայլակող
Գերանդիներ քե՜զ կերգեն։

75 Ահա աշունն ու արյուններն իր հուռթի.
Որթատունկո՜վ պըսակվե, ո՜ Վանատուր։
Նիզակըդ ա՜ռ, որուն վըրա ոլորուն
Բարունակներ կը ծաղկին․
Թող ես եզիդ եղջյուրներն
80 Ողկյուզներո՜վ զարդարեմ։
Մըրգածառերն, հըղի կընոջ մը նըման,
Կհևան իրենց բեռին տակ.
Բուներն համակ կըպչուն են քա՞ղցըր հույզով.
Կորիզն ամեն պըտուղի
85 Քու սերմովդ է պընդացած.
Եվ քու եղիդ շողիքով
Օծված է հողը բեղուն։
Ամբարներն ողջ՝ խաղաղությամբ կը լեցվին,
Եվ կարասներ՝ ցընծությամբ...