Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/103

Այս էջը սրբագրված է

25 Կը սիրեմ վիշտդ որ իմ վիշտս է գերագույն,
       Կը սիրեմ կուրձքըդ քանդված՝
Որան մեջ դեռ կը համառի Սերդ երգել
       Արտույտի պես սըրարբած։

Կը սիրեմ քու անոթությունդ ու ծարավդ,
       30 Եվ ոսկորներդ ուժասպառ.
Ես կը սիրեմ կույս աղիքներըդ ցամքած,
       Մազերուդ սուգն՝ ուսեդ վար։

Եվ ես կուզեմ ամփոփել քեզ սըրտի՜ս վրա
       Տատրակի պես տարագիր,
35 Տալ ուժըս քեզ, մըրցանակներըս փառքի,
       Եվ ազգանունս անբասիր։

Կուրծքըս վահան ընել կուրծքիդ նըշավակ,
       Եվ քողն ըլլալ պատիվիդ,
Կրանիթե բազուկիս տակ պաշտպանել
       40 Սեռըդ ու գեղդ անժըպիտ։

Կուզեմ քեզ տալ ինչ որ պայքարն ինձ տըվավ,
       Ինչ որ խլեցի մարտերով.
Քեզ պըսակել արյունիս գույնն ունեցող
       Հաղթանակիս վարդերով։

45 Միայն թե դուն չըլլաս տըժգույն ու քաղցած,
       Արևուն տակ չըհազաս,
Մորըդ վերև չըմարի ճրագն, ու, ո՛վ քույր,
       Դուն գործատուն ա՜լ չերթաս։