Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/104

Այս էջը սրբագրված է

30. ՄԵՆԱՎՈՐ

Դեկտեմբերի պայծառափայլ իրիկուն.
Երկընքին տակ, ադամանդի նըման ցուրտ,
Ուղեկորույս հովը կանցնի մայելով։
Վըճիտ լույսերն աստղերուն
5 Արյուն կու լան սառույցին վրա լըճակին։
Հոգիս կառլած մըտածումի մը համառ՝
Կը սպասե գոց պատուհանին ետև լուռ...
Չեկա՜վ. — «Եվ ա՞լ պիտի չը գամ» — ըսավ ան։
Որբ շեմիս վրա մըխիթարիչ քայլն անոր
10 Պիտի բընավ չըծաղկի.
Եվ դեռ հոգիս կը սպասե՜:
Ի՜նչ մենավոր սենյակ, ի՛նչ կյանք մոռցըված.
Հիշատակի մը մեջ հանկարծ կը փըղձկի
Սիրտըս տըրտում... կը փըղձկի...
15 Ըզգացումներն այսպես կուլան մութին մեջ,
Քաղցըր, տըրտում, անհագուրդ։
Եվ կը խըմեն շրթունքներս
Արտասուքներս հոսանուտ։
Ո՜հ, ի՞նչ ցուրտ է հոս, Տե՛ր իմ.
20 Հանգեր է կայծը վերջին
Կրակարանիս մեջը քամի՜ն կողբերգե։
Կը զգամ եղյամն այս թողլըքված խուցին մեջ,
Որ մազերուս վըրա սև
Ձյունասպիտակ Տաղիկներն իր կը բանա.
25 Բոլոր աստղերն, երկինքեն վար սառնաշիթ,
Օրհասական յուղն օծման