Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/105

Այս էջը սրբագրված է

Ճակատիս վրա կը հեղուն։
Կահերուն տակ թաքթաքուր
Ամեն վայրկյան մութն ավելի կը բարդի,
30 Կը տարածե անկողինիս վրա արդեն
Դամբանական ծածկույթը իր սևաշղարշ։
Ո՜հ, չեմ ուզեր, ես չեմ ուզեր այս ժամուն
Լամբարիս լույսը մատնիչ.
Վարագույրիս ժանյակներեն կաթկըթող
35 Լուսընկան բա՛վ է ինծի։
Մարզիկներուն շըռայլորեն տալե վերջ
Ավյուն և սեր, ծաղիկներն իմ էության,
Գըտնել զանոնք միշտ ծանծաղ,
Գըտնել Աստված միշտ ըսփինքս
40 Ոչնչությունը պըճնող,
Եվ հեռացվիլ այն սիրելի էակեն՝
Որուն թարթափը կոպերուն կը բավեր
Արծարծելու համար կրակներն արյունիս,
Միսիս ճենճերն, սըրտիս բուրվառն հոտևան,
45 Հիմա, ավա՜ղ, ի՞նչ կը մընա ալ ինծի.
Մոխի՜ր, մոխի՜ր, և ավերակ. և նույնիսկ
Խորունկ սոսկում միմ իսկ անձիս նայելու։
Ո՜հ, չեմ ուզեր, ես չեմ ուզեր այս ժամուն
Լամբարիս լույսը մատնիչ։
50 Երբ ա՜լ դատարկ է հողին
Ահավոր է տեսնել հատակը անոր։
Փլատակներուս կանգուն մնացած կատարին
Լուսնին ոսկի ծեփող մեկ շողը բա՛վ է։
Ես չեմ ուզեր լամբարիս լույսը մատնիչ.
55 Բայց լուսինն ալ, ավա՜ղ, լուսինն ալ ահա
Հո՜ն, դըրացի երդին ետև ծածկվեցավ։
Հովը կու լու, կը կաղկանձե, կը թըռչի։
Կրակարանիս մեջ պաղեր է մոխիրն իսկ։
Հովը կ՝ոռնա... հովը բացավ մեղմորեն
60 Պատուհանիս փեղկը հին։