Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/110

Այս էջը սրբագրված է

25 Խոշոր աչքերդ որոնք մեն մի թարթափեն՝
Զիս իրենց մեջ կը նըկարեն ու կավրեն,
       Շուշան ճակատդ՝ որ մերին
Ճակատներուն ցոլք մը հավետ կը ձըգե,
Բերա՜նդ, այտե՜րդ արդյոք դաշտի ի՞նչ ծաղկե
       30 Կամ ի՞նչ խունկով երկնային

Հորինված են։ Եվ քու հոգիդ փողփողէջ՝
Ինչպես կայծոռը վարդենվույն ծոցին մեջ
       Զեփյուռներո՜վ կ՝արծարծի։
Հողին հոտո՜վ խընկըված է քու արյունն,
35 Հողին հոտո՜վ ծըծած ես կյանք և ավյուն,
       Դաշնակո՜ւմ մես կարկաչի։

Հազիվ բացիր մեղույշ բիբերդ արևուն՝
Քաղքեն հեռու տեսար դաշտերը անհուն․
       Օտար ձեռք քու երակներ
40 Շոշափած չէ։ Լերան կողին թաքթաքուր,
Դուն տորոնի ծաղիկ մըն ես՝ որուն բույրն
       Ուրիշ բույր չի՛ խանգարեր։

Մեջդ եղծված չէ դրո՜շմն Աստուծո սըրբանվեր,
Զի սրբության՝ բնությունը չի վընասեր.
       45 Շո՜ղ մ՝ես, երբ զով մարգին վրա,
Շուքին, ծաղկին, ճյուղին մեջեն կը սահիս։
Ամեն ձորակ աշխարհ մ՝է քեզ, ո՜վ հոգիս,
       Քանի որ մեջդ Աստված կա։

Քեզ բնությունն է կազմած, կամ դո՜ւն ես բնություն,
50 Եթե ա՜յսօր — ներե՜ այս սև թառերուն —
       Մահն հողին տակ լուծե քեզ,
Այտերըդ վա՜րդն առնե պիտի, սերդ լուսնակ,
Սիրտըդ պըլպուլն, երգըդ հովն, աչքերդ մանիշակ,
       Հոգիդ երկինքն, արցունքդ... ե՜ս։