Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/112

Այս էջը սրբագրված է

Ո՜հ, ուշացավ ծերունին.
Անոնք գիտեն՝ որ ունին
Աշխատանքները վըտանգ.
30 Ունի պայթում ամեն հանք.
Անոնք գիտեն՝ որ սանդուխներն որմնադրին
Մատնըչորեն կը կոտրին։
Եվ մեքենան կը կասկե,
Զինքը կըրթող թևը ժիր.
35 Անոնք գիտեն՝ որ աշխատիլն է ոճիր
Երբ լուսընկան երդիկին վրա կը հըսկե։
Կու գա . ահա դուռն հյուղին
Լալաճըռինչ բացվեցավ իր շեմին վրան.
Ի՜նքն է. ո՜չ ո՜չ. է քամին՝
40 Որ բոթաբեր դըրացիի մը նըման
Ներս կր մըտնե, կը սողոսկի ճրագին մեջ՝
Ու բոցին տակ ծըխահարույց կը մեռնի։
Նոթի տղաներն աղիողորմ աչքով գեջ
Կը նային մորն երեսն ի վեր տըխրունի...
45 Ինչո՞ւ չեկավ.․․ ո՞ր անիծված ընկերներ
Զինքը իրենց ճամբուն մեջ են մոլորեր։
Սուրբ զո՞հն եղավ բանթողի,
Թե կը խըմե արդ օդի
Գինետան մեջ, սեղանին տակ թըքնելով։
50 Չեկա՜վ. ահա մորը կուրծքին վրա խորով
Կրտսերագույնը լալեն
Նընջեց... և դեռ կը սպասեն։
Ո՞վ կը հաղա դըրան առջև, ա՜ն է, ա՜ն։
Անոնք հագն այդ կը ճանչնան։
55 Կը ճանչնա կինն ամուսնույն
Շուքն իսկ ջուրին վրա հոսուն։
Ան կերևա՛ ավասիկ.
Գլուխն է փոշոտ, փոշոտ լոդիկը բըզիկ․
Եվ իր կապույտ տաբատն հին
60 Շըպարն ունի շաղախին։