Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/123

Այս էջը սրբագրված է

38. Մ Ե Ք Ե Ն Ա Ն Ե Ր Ը

Արեգակին մեջ ամրան, որուն բոցով կը մըրկին
Արծաթացոլ գըմբեթներն ու տանիքները Քաղքին,
Կը ցըցվի բա՜րձըր կատարը գործատան մըշտագոռ։
Մուխը բարդ բարդ կը պոռթկա բուխերիկեն լայնորկոր՝
5 Ճակատն երկնի ծեփելով կարծես կուպրով թանձրամած։
Կը սողոսկին շոգիներ պատերուն շուրջը քըրտնած.
Ու կը մռընչե գործատունն ընդերքներեն բոցավետ։
Մենք, ո՛վ Ընկեր ջահակիր, այնտե՛ղ մըտնենք քեզի հետ,
Մենք, սերմանող մըրըրկի, տառապանքի հընձողներ։
10 Օ՜, ի՛նչ ժըխոր, ի՛նչ պայթում. ալիքն օդին ջերմաջեր
Մարմինս ամբողջ ողողեց ծըծումբի պես հոսանուտ։
Ի՜նչ թավալում ահավոր զանգվածներու մառախլուտ...
Հազարավոր բանվորներ մըկանունքով կը ստեղծեն՝
Ողջագուրված՝ պողպատին, բիրտ ուժին հետ համորեն,
15 Կը ծառանան բոցին հետ, ու մոխիրին հետ կ՝իյնան,
Ու կը պըրկեն, կը կըրծեն, ու կը կըռփեն հաղթական՝
Մինչև որ նյութն ապըստամբ գեղ ու արժեք կը ստանա,
Հոն բուրդն ըլլա՝ լուսակիդ, քըրտինքն ըլլա՝ շափյուղա։
Եվ կը մռընչե Աշխատանքն, Աշխատանքն հոն կը ստեղծե
20 Իբրև վիշապ՝ բըռնըված օձագալար երկունքե։
Փողրակներուն ընդմեջեն, մինչև չորս ծագն Աշխարհին,
Կը հոսին միշտ ծուփ առ ծուփ տաք ալիքներն ոսկիին։
Մեքենաներն հոս կիշխե՜ն ըղեղին վրա մարգերուն՝
Իբրև հրեշներ վիթխարի՝ որջի մը մեջ մըշտարթուն։
25 Հաստ գըլաններ զուգարշավ, պըլուխներով ահագին,
Մինչև ձեղուն խորդալով կը ծառանան, կընկըղմին
Հետո իրենց կըլանող անդունդին մեջ մըթապատ։