Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/124

Այս էջը սրբագրված է

Դատարկին մեջ սուլելով կը թավալին անընդհատ
Հըսկայածիր անիվներ, ու ակռանին իրարու
30 Լինդերու մեջ մըխըրճած՝ կոռնան նըման շուներու։
Փոկերը պիրկ կը ձըգվին ճախարակե ճախարակ,
Ու կը հոսին խըմալուր՝ ջըրվեժներու պես արագ՝
Լիսեռներու գոգավոր շըրջանակին ընդմեջեն.
Մեքենական կաղմվածքին անոնց ջիղերն են հրեղեն՝
35 Որոնցմե մին թե բեկտի՝ աշխարհներն այդ ներդաշնակ
Կը ջախջախեն մեկըզմեկ, աստղափըշուր, եղերգակ.
Գուժելով մահն Ոսկիին, և փըրկությունը Ույժին։
Կարկահներու անհամար կըկոցներուն մոլեգին
Մեջեն կանցնին պատառները բուրդերուն մեծաշահ.
40 Գեղմը փափուկ, ձյունեղեն, ատամներով պողպատյա
Կը հոշոտվի գեշագեշ՝ անբըծության նըմանակ.
Եվ ծըվենները թըռչուն թիթեռներու պես ճերմակ՝
Գըլաններու կատարին, պատերուն վրա կը թառին,
Եվ կամ կիջնան լույսի պես՝ բանվորներու գըլուխին։
45 Թեռերն հետո նըրբոլոր, առեշներուն ընդմեջեն,
Ճաճանչի նման հապըշտապ կը խուսափին ուղխորեն,
Եվ շար ի շար, լուսաբեկ, բյուրապատիկ թելերով,
Կը ջըրվեժվին ճախրին վրա ճախրակներուն մըշտհոլով՝
Որոնք արբշիռ կը դառնան, ու կը փաթթե՜ն, կը փաթթե՜ն
50 Զանոնք իրենց հաստաբեստ իրաններուն վրա շըրջկեն։
Մեկ ծայրեն մյուսը կեռա գործատունն այս հաղթակերտ,
Մեկ ծայրեն մյուսը կոռնան մեքենաները ժըմերտ
Իրարու մեջ թավալող, և իրարմե արտալած
Աշխարհներու Հանգունակ, անհունին մեջ խենթեցած։
55 Կը զեռա վարը կաթսան գոլորշիով առլըցուն՝
Ընդհատ ընդհատ պուղելով մեծ կափարիչն։ Որմերուն
Աղյուսներն հար արյուններ կը քըրտընին շոգիեն.
Ձեղունն ի վար կը կաթին արտասուքներ оդեղեն։
Կյանքը այստեղ կը ստեղծե խավարին մեջ մեռնելով...
60 Վա՜րը, հընոցն անդադար դեռ կը կատղի բոցերով,
Ոսկի՜, ոսկի՜ կը լափե, դուրս կը փըսխե միշտ մոխիր,
Եվ ծուխին հետ միասին տարածելով լույս մը հիր՝