Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/133

Այս էջը սրբագրված է

42. ԴԱԴԱՐ

Միջօրեի դադարն է գեհենամռունչ գործատան.
Ինչպես վիշապ մը թըմրած՝ կը նիրհե հնոցը տիտան,
Բուխերիկին կլափին մեջ պահ մը ծուխն է խեղդըվեր.
Ներսը գլանները արշավ, և անիվներն ընդհոլով
5 Հանկարծ կեցեր են՝ իրենց ընթացքին մեջ խոկալով.
Այդ անդորրին մեջ միա՜յն կարծես կըլլան լըսելի
Մեքենական ճախրանքին հոգնած հևքերն ահռելի։
Ընկե՜ր, թույլ տուր շողշողա երկաթներուն գագաթին
Բանվորներուն քիրտն առատ, գոհարն իրենց ճակատին․
10 Թույլ տուր որ ներս մացառվող արևուն մեջ, թռչըտուն,
Զըմրուխտ ճանճերը բըզզան՝ հեգնելով կյանքը մարդուն,
Կանգնե՜ դուն մայր-դըրան քով․

Տե՜ս, պատառուն շապիկով

Անոնք փողոց կը խուժեն, և կընդլայնին իբրև ծով։
15 Ռամիկ ուժին բանա՜կն Է, և հանճա՜րն Է վաստակին
Որ կըրեր Է դարերու կոթողն իր հաղթ քամակին։
Սա փոշիով և կուպրով ծեփված գլուխները տիտան՝
Որոնց վարսերը երբեք աստղերուն մեջ շըլոգցան՝
Կարկառվին, խենդի պես, դեպի հովերը քաղցրիկ,
20 Գարնան բույրով կողողեն իրենց բիբերը հըրձիգ։
Սերերն ունին կըռնակներ ծալլված մինչե գերեզման՝
Որոնց խորեն կը լըսվին ճարճատյուններ ողբական
Համրորեն վար թավալող ողնային փուտ սչուներու։
Եվ կույսերն են դալկահար, կմախներ թոռմած վարդերու,
25 Թիթեռներուն թևին վրա զո՜ւր կը շողա թանկ փոշին,
Հնոցին մոխի՜րն Է ցանվեր իրենց երկար թարթիչին։