Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/135

Այս էջը սրբագրված է

Եվ մեր գարուն Հաղթության Կամարն այսօր կը հանգչի
Հարյուր հազա՜ր բանվորի ուսերուն վրա արճիճի։
Ու երբ այսօր ելլելով գործատունեն՝ կը ցըրվին
60 Կորագըլուխ, մերկալանջ, անոնք նման են գերիին՝
Հոր աճուրդի կը հանեն տոնավաճառ օրերուն։
Նըման գետին, որ ակեն դուրս ժայթքելով փրփըրուն
Կբաժնըվի սըրընթաց առվակներու անհամար,
Անոնք կերթան ծավալիլ գռեհներուն մեջ հազար.
65 Բյուրապատիկ գլուխներու անդընդածին ալիքով
Քաղաքն ամբողջ կողողեն՝ ամեն անկյուն հորդելով։
Բոլոր քաղցա՜ծ են, քաղցա՜ծ, քոսոտած շան մը նրման՝
Զոր խաշնարածը հոտեն հալածեր է անգուման։
Սակայն իրե՜նց է ինչ որ կիյնա կտուցեն վար ցինին.
70 Իրե՜նց է խյուսը թեփին, բայց ո՜չ նըկանն ալյուրին.
Խառնապուրներն իրե՜նց են զոր գըլխահակ կը լակեն
Ճակատներե վար՝ անոնց մեջ քըրտինքներ հոսելեն.
Նեխած միսերն իրե՜նց են, ու բորբոսները հացին՝
Զոր կը գընեն ումպ մը ջրով կըրպակներեն փողոցին.
75 Երշիկն իրե՜նց է, լեցված ճարպովը ծեր ջորիի,
Հետո ծխամո՜րճը սևցած, միակ ըսփո՜փն հոգիի։
Ահա՜ բոլոր հույսն անոնց, երագն անոնց փորերուն՝
Զոր կերազեն գործատան միջօրեի հեշտ ժամուն...
Ու կը քալե՜ն, կը քալե՜ն, փոշվով, կուպրով միշտ ծեփված
80 Նեղ կու գան այդ ուղխերուն պողոտաներ լայնաբաց։
Իրենց հորձանքը կարծես խուլ զայրույթով կը փորե
Դղյակներու հիմունքներն ու սալարկներն որձքարե։
Կարծես մեռեր են Քաղքին մեջ մյուս կյանքերն ինքնագոհ
Միայն Սարսափն այդ ահեղ բանակներուն՝ կու տա գրոհ.
85 Սիրտերն հըզոր կը տրոփե՜ն, և միշտ կըլլան լըսելի
Սովալըլուկ կողերու բաբախյուններ ահռելի,
Կը կըճըրտվին ակռանե՜ր, ու կը ծամվին լեզունե՜ր.