Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/137

Այս էջը սրբագրված է

43. ՄԱՅԻՍ ՄԵԿ

Քընարս այսօր կըտըրտելով լարերն իր,
Ձե՜զ կը կանչե Արևելքեն Արևմուտք,
Ո՛վ դուք
Հացի՛ զոհեր, որ ունիք միշտ արևու
5 Պասուք։

Այս առավոտ՝ գըտա հասակըս թաղված
Հեղեղին մեջ շուրջըս ծաղկած վարդերուն.
Եվ կանգուն՝
Խմեցի ավիշն հողին, երգերը բոլոր
10 Բույներուն։

Ինծի՛ եկեր, ես կախարդն եմ Մայիսին.
Ձեր քըրտինքն ես կընեմ գոհար ցողն անգին
Վարդին.
Կը հեղում ձեր ոսկորներուն մեջ ցամքած՝
15 Արփին։

Ինծի՛ եկեք գործատունեն՝ ուր երկար
Շաղվեցիք դուք մեր Աշխարհին ցեցակեր
Նո՛ր հիմեր.
Փուռեն՝ որ ձեր գըլխուն, սըրտին վրա՝ մոխիր
20 Է ցաներ։

Ինծի եկեք նավարանեն՝ ուր կռեցիք
Նավեր, վաղվան ձեր դագաղները պողպատ։
Ելե՛ք արդ
Աղիքներեն հողին, ճահճին արգանդեն,
25 Դա՜շտն ու ա՜րտ։