Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/141

Այս էջը սրբագրված է

Ո՜րքան մարգրիտ ակին մեջ․
Եվ գուռին մեջ ո՜րքան լույս։
30 Հովիտին խորը թագնված
Ան ադամանդ ու երգ է,
Երգ մըն է ան՝ մենության մեջ գըլգըլուն՝
Որուն ի լուր մայր բընությունը շուրջի
Գիշերվան մեջ կավշավետի, կը մեղմե
35 Ծըլարձակման աշխատանքն իր ծանրակիր։
Հեռուներե՜ն ու խորերեն ան կու գա.
Կանցնի թագուն անձավներե՝ ուր առկախ
Շրթաքարեր կան լազվարթ
Նայադներու աչքերուն պես արտասվող,
40 Ուր կա սառույց բյուրեղյա
Որուն հազիվ կը հասնին
Մայրիներուն վիմապատառ արմատներն.
Հոն կան բրածո ադամանդյա խըլուրդներ,
Մարգարտացած հին օձեր,
45 Հոն կան հուրեր, լույծ ոսկիի լըճակներ,
Լայնածավալ անտառներ՝
Իրենց մեջի մրրիկներով ածխացած...
Հեռուներեն ու խորերեն ան կու գա։
Եվ կը պատմեն թե առած Է այն օրեն
50 Պայծառությունն իր լուսեղ
Երբ սրրբուհի մը մոտակա գյուղերեն
Եկավ անոր մեջ լըվալ
Համեստ աչքերն այր մարդե բնավ չհամբուրված։
Ո՜հ, ջուրն Է սուրբ, աղջի՜կըս, ջուրը դեղ է՝
55 Գերեզմանի հոտ բուրող
Ամեն տեսակ ախտերու։
Հիվանդներուն հոտն ահա
Ի՜նչպես անոր լույսին վըրա կը հակի։
Կըմպե՜ն, կըմպե՜ն, և քուրին մեջ կը հազան,
60 Կըմպե՜ն, կըմպե՛ն, և ջուրին մեջ կը արքան։
Կիներ են, տե՜ս, որ բընավ
Վարդ շըրթունքներ և վարդ այտեր չունեցան.