Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/147

Այս էջը սրբագրված է

Չըդընելով ուշ եզերքիդ բաղեղին՝
Որ գըթությամբ պիտի կառչի քըղանցքիս,
60 Պիտի նետեմ մարմինս այս խոնջ, կարևեր,
Խորհուրդիդ մեջ... իմ հետին ճիչս օրհասի՝
Խորության մեջ դարձդարձիկ՝
Պիտի գանգյուն տա քարերուդ միջև թուխ,
Որուն ի լուր՝ մերձակա
65 Դըռնեն մայրս իմ լեղապատառ պիտ՝ վազե.
Սակայն զարթնուն պիտի քնացող ալիքներդ
Ու զիս ընդհուպ ընկլուզեն․
Հետո իրենց սովորական պըշնումով,
Աղիտավոր գահավիժման ամեն հետք
70 Պիտի ջընջեն։ Լըռությունն՝ իր պատըռված
Պատանքը վրաս պիտի հյուսե վերըստին
Եվ Լուսընկան (որ պիտի փշրի անկումես
Ծընունդ տալով հազարավոր աստղերու)
Հետո դարձյալ, խաղաղիկ,
75 Պիտի արմեն ձևն իր նախկին, պիտ ըլլա
Ջուրերուդ վրա՝ իմ անձնասպան հոգիես
Բողբոջած մեծ արյունլըվա նունուֆար
Մորուն արմատն ոչ ոք գիտե թե ո՞ւր է։