Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/149

Այս էջը սրբագրված է

47. ՎԱՐՈԻԺՆԱԿԻՍ

Աղվո՜ր, աղվո՜ր, աղվո՜ր վարդն իմ Գարունիս՝
       Որ սըրտիս վրա բացվեցար,
Եվ քեզի հետ բացիր հոգիս վըշտահեղձ
       Նոր երազի մը պայծառ։

5 Հին օրորանն, որ, թաղարի պես լըքված,
       Կըլլար խըշայակը սարդին,
Կենդանացա՜վ ճըռվողյունով, բույնի պես
       Պաճուճվեցավ վերըստին։

Արև մը նոր, շողերուն հետ աչքերուդ,
       10 Շեմիս վըրա ցաթեցավ՝
Եվ վանդակին մեջ կաքավս իմ վիրավոր
       Կարկամեց երգ մը անձկավ։

Դուն սենյակե սենյակ թըռար դեդևուն
       Բույնեն ինկած ծիտի պես.
15 Ձայնեղ դյութված՝ այցելեցին տընակիս
       Սերոբեներ լուսագես։

Աղվո՜ր, աղվո՜ր, աղվո՜ր վարդն իմ Գարունիս,
       Եկուր նըստե՝ ծունկերուս.
Թող լուսնակի պես՝ մըռայլ ծոցս ողողեն
       20 Ոսկի վարսերըդ սընդուս։

Շըղթայե վիզս այդ թևերովըդ քընքույշ
       Նըման ծաղկե մանյակի.
Ժըպտե՝ ինծի, որ ցուրտ անդունդը սըրտիս
       Արշալույսո՛վ բըռընկի։