Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/150

Այս էջը սրբագրված է

25 Խոսե՜ ինծի, անծանոթ խոսքը, զոր դուն
       Երկինքեն հետըդ բերիր,
Կը բանա շողը՝ վարդն, իսկ շուրթը մանկան
       Աստուծո մատը կարմիր։

Նայե՛ ինծի, լուսնակն ինչպես կը նայի
       30 Դամբանին խորը խավար.
Սերըս մեռած՝ պիտի առնե հարություն
       Ու պիտ՝ ապրի քեզ համար։

Քեզի՜ համար, որուն միսն է գոյացած
       Շուշաններու թերթերեն,
35 Մյուռոնաբույր շապիկն հյուսված է թևով
       Թիթեռներու նըկարեն։

Քեզի՜ համար, ով իմ քերթվածըս անմահ՝
       Զոր արյունովս հըղացա,
Զոր երգեցի՝ հպելով սըրտիս լարերուն
       40 Լարն ամենեն դյուրազգա։

Քու ձեռքըդ լոկ դեռ կը բըռնե զիս կանգուն
       Ավազներուն վրա փառքիս.
Եվ մազիդ մեկ թելը բա՜վ է կապելու
       Տիեզերքին հետ՝ հոգիս։

45 Վարուժնա՛կդ իմ, իմ փափկասո՜ւն Դիցուհիս,
       Ո՜վ քընարե դու հոգյակ,
Թող որ արցունքս, որ այտերուդ վրա կ՝իյնա,
       Ըլլա ծիծաղ կամ սուտակ.

Բիբերըդ թող սըրսկեն աստղե՜րն երկընքին
       50 Իմ խորշոմած ճակատիս՝
Որ իր վըրա, թագի պես, բա՜րձըր բըռնեց
       Խոր ըսպիները սըրտիս։

Զի ես անդո՜ւնդն եմ՝ որ կըլլա երջանիկ
       Փոսուռայի մը լույսով.
55 Անապա՜տն եմ, որ երկինքին կը ժըպտի
       Իր ծըլարձակ մե՜կ բույսով