Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/154

Այս էջը սրբագրված է

49. ԵՓՐԵՄ

Դագաղն արդեն փակվեցավ. վըրան վարդեր Շիրազի,
Սուր մը հըսկա, դեռ ջերմիկ, ուրկե արյո՜ւն կը հոսի։
Կափարչին տակ կը նիրհե, անմահությամբ սըրարբած:
Շանթն Աստուծո՝ խորտակված։

5 Զինվորներ լուռ կարտասվեն, թնդանոթները կողբան
Ահեղ անունը անոր, բարձունքներուն վրա լերան,
Եվ ձորերուն մեջ իրենց պողպատակուռ երախեն
Կհեղուն արցունք հըրեղեն։

Եփրե՜մ... անունդ ավասիկ քանդակվեցավ խորասույզ
10 Արծիվներուն կուրծքին վրա, և ճակատին վրա դարուս,
Անուն մոր միշտ կայծակո՜վ փորագըրված պիտի մնա
Ազատության սուրին վրա։

Երիվարիդ վրա անցար` ինչպես ամպրոպը կանցնի`
Տանելով կրակն երկնային իր ծոցին մեջ հոլանի.
15 Դուն լոկ պատանք ըզգեցար, սըփռեցիր քու ծիրանին
Ժողովուրդներու քամակին։

Կարիպալտին՝ Հռովմինն է, և Բոնաբարդ՝ Ոճիրին.
Կը պատկանիս դո՜ւն միայն Ազատության Ոգիին։
Ըզքեզ խրճիթ մը ծընավ, հայ վիշտը քեզ օրորեց.
20 Այդ վիշտին չափ եղար մեծ։

Հայրենիքն այն, զոր քու մեծ ըստվերովդ իսկ լեցուցիր։
Ի՜նչ փույթ թե օր մը հյուղիդ քարերն ըրավ ցանուցիր,
Գերիներու շըղթան ա՜յժմ էր քավությունը ինքնին
Հազկերտներու ոճիրին։