Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/161

Այս էջը սրբագրված է

1. ՄՈՒՍԱՅԻՆ

Թե ջըլապինդ մըշակն ի՜նչպես կը փարի
Իր կոր մաճին, կը պատռե լանջն հողերուն։
Եվ սահանքին տակ արփական շողերուն
Ի՛նչպես կըլլան լերկ ակոսները՝ բերրի։

5 Թե շիկագույն ցորյանն ի՜նչպես կալին մեջ
Կը բըրգանա, և աղորիք կը մռընչեն.
Ինչպես կ՝հորդի քաղցած խըմորը տաշտեն,
Զոր հուսկ կեփեն գեղջուկ փուռին մեջ անշեջ։

Թե կը սըփռե Հա՜ցը, Հա՜ցը սրրբազան
10 Ի՛նչ բերկրանքներ, արարչական ի՜նչ կորով,
Սորվեցո՜ւր ինձ, ո՜վ հայրենի իմ Մուսան։

Սորվեցուր ինձ. պսակե քընարս հասկերով,
Զի կալին մեջ, զով շուքին տակ ուռիին
Ահա կը նստիմ, ու նըվագներս կը ծընի՜ն։