Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/167

Այս էջը սրբագրված է

6. ՑԱՆ

Սերմանողն է հաղթահասակ կը կանգնի
Մայրամուտին շողերուն մեջ ոսկեթույր։
Ոտքին առջև անդաստաններն հայրենի
Կը տարածեն մերկություննին անպարույր։

5 Լի Է ամբողջ ցորեններով աստղահատ
Խորունկ գոգնոցն։ Հերկերն հերվան՝ ծարավե՝
Կը սպասեն իր լայնշի բուռին, և բուռն այդ
Արտերուն վրա՝ զերդ արշալույս՝ կը բացվի։

Մըշակ, ցանե՜. հանուն տանդ սեղանին
10 Թևիդ շարժումն անպարագի՜ծ թող ըլլա.
Վաղ նետած ցորեններդ այդ կը թափին
Օրհնության պես թոռնիկներուդ գլխուն վրա։

Մըշա՛կ, ցանն՜, հանուն նոթի թըշվառին
Թող գոգնոցեդ կես չելլե ափըդ բընավ.
15 Աղքատ մ՝այսօր ճըրագին մեջ տաճարին
Վաղվան հունձքիդ համար վերջին ձեթը դրավ։

Մըշա՛կ, ցանե՜. հանուն Տիրոջ նըշխարին
Թող մատերեդ հորդին սերմեր լուսեղեն.
Վաղը ամեն մեկ հասկի մեջ կաթնային
20 Պիտ հասուննա մաս մ՝Հիսուսի մարմինեն։

Ցանե՜, ցանե՜, նույնիսկ հեռու սահմանեն,
Աստղերու պես, ալիքներու պես ցանե՜։
Ծիտերն ի՜նչ փույթ թե հատիկներդ կ՝ավարեն.
Տեղը Աստված պիտի մարգրիտ սերմանե։

25 Լեցուր ակոսն, հորդե՛ հերկերը բերրի,
Հողին ծոցեն ոսկի լույսեր թող հոսին։
Օրը ահա կ՝իրիկնանա. կերկարի
Շուքը թևիդ հորիզոննե՜րն աստղային։