Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/168

Այս էջը սրբագրված է

7․ ՏԱՓԱՆ


Տափա՜ն, տափնե, կոշտերն հարթե,
Թաղե ցաներն հողին մեջ.
Ցորենն՝ ոսկի, սերմն հակինթ է՝
Երբ միանա հողին գեջ։

5 Տափա՜ն, թևերրդ տարածե,
Գրկե արտերը հուռթի․
Հունտն այսօրվան՝ վաղը հանձ է՝
Երբ գուղձին տակ կանհետի։

Տափա՜ն, ըմբոստ խութը փըշրե,
10 Գոցե վերքերը խոփին․
Հերկն աննըվաճ ալիք մըն է՝
Զոր կանդորրես դուն հեշտին։

Տափա՜ն, տափնե, կոշտերն հարթե,
Փակե բերանն ակոսին՝
15 Ուր ամեն մեկ ցորեն սաթ է.
Թող սարյակներ չը տանին։

Տափնեց տափանն, հարթեց կոշտեր,
Հըղկեց անդերը անհուն.․․
Այժմ հողին տակ կուռին հունտեր՝
20 Ինչպես ծիծերն ուլերուն։