Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/170

Այս էջը սրբագրված է

9. ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՎ

Դաշտերուն վրա իր տրտմությամբ համառող
       Անձրևը չէ՜ ասիկա։
Գարնան ջաղբն է՝ որ ցանքերուն վրա անհուն
       Հուսացընցուղ կը տեղա։

5 Աստղերն անհայտ, կարծես հալած արևեն,
       Տեղատարափ կը թափին,
Եվ կը լըվան իրենց լույսին մեջ փաղփուն
       Անդաստաններն ու այգին։

Կապույտն հանկարծ կու լա բոլորն ծիծաղեն,
       10 Եվ կը տեղա ադամանդ․
Կը լուսնան կույր աղբերակներն ու կերգեն
       Իրենց ծընունդն արգավանդ։

Անհունն ի վար կը հեղեղվին շառաչուկ
       Մեծ կաթիլներ շափյուղա,
15 Լի արևով, ցընծությունով, կապույտով,
       Ծիծաղներով սատափյա։

Մարգերը թաց կարտաշընչեն զովություն
       Կը լըվացվին գառնուկներ...
Բո՜ւյրը հողին, հողին բույրը, ծավալուն,
       20 Կը լեցնե գյուղն ու եթեր։

Ու արտերո՛ւս, արտերո՜ւս մեջ քրտնաշատ
       Իմ ցորյաններս համեցող
Նոր ուժերով հորդահոսա՜ն կընձյուղին
       Կայլակներու մեջ ի լող։

25 Եվ մաքրըված անտառին մեջ, այս պահուս,
       — Ըստ իմ գյուղիս հեքիաթին —
Կը ծնի եղնիկը, գոտիին տակ ծիրանի,
       Եղնորդ մը՝ նման լուսինին։