Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/171

Այս էջը սրբագրված է

10. ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ

         Հովե՜ր կանցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մանսահման։
Գեղաղալար կողերն ի վար բըլուրին
         5 Ծովե՜ր կանցնին։

         Հովե՜ր կանցնին.
Ա՛յնքան կհորդի, կը կատղի դաշտը հուռթի՝
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի։
Գոգին մեջեն ալետատան հովիտին
         10 Ծովե՜ր կանցնին։

         Հովե՜ր կանցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն։
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
         15 Ծովե՜ր կանցնին։

         Հովե՜ր կանցնին.
Քիստերուն տակ կալեծըփին եղիներ՝
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր։
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
         20 Ծովե՜ր կանցնին։

         Հովե՜ր կանցնին.
Զըմրուխտներով կը ծըփա դաշտը անհուն։
Ծիտը կերգե թառած հասկի մօրորուն՝
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
         Ծովե՜ր կանցնին,
         Հովե՜ր կանցնին։