Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/172

Այս էջը սրբագրված է

11 ԿԱԿԱՉՆԵՐ

Քո՞ւյր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.
Ահա սիրող սիրտերու պես կարյունին։
Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե
Խըմենք ալիքն արևին։

5 Անոնք ա՞յնչափ բըռընկեր են՝ որ կարծես
Հըրդեհն իրենց կայրե դաշտերը անհուն։
Պիտի իրենց բաժակներեն հըրակեզ
Խըմենք կայծերն աստղերուն։

Քույր իմ, քաղե՛, լորի մը պես ծածկըված
10 Ցորեններուն մեջ՝ որ մեղմիկ կը նազին:
Պիտի իրենց բաժակներեն բոսորած
Խըմենք արյունն ակոսին։

Անոնք ծըռած արտույտներու բույնին վրա
Լալ շողերով ողկույզ ողկույզ կը ծըփան։
15 Պիտի իրենց բաժակներեն հակընթյա
Խըմենք խոստումը Գարնան։

Քաղե՞, քո՜ւյր իմ, կակաչ չէ, բո՜ց քաղե դուն,
Հըրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի։
Պիտի իրենց բաժակներեն փափկասուն
20 Խըմենք կրակներն Հունիսի։

Ծաղկե՜ր, ծաղկեր են բերնիդ պես քնքշենի,
Կը խոսակցին ցորյանին հետ օրորուն։
Պիտի իրենց բաժակներեն ծիրանի
Խըմենք գաղտնիքն հասկերուն։

25 Քաղե՞, քո՞ւյր իմ, պիտի պսակվինք անոնցմով
Վաղվան զըվարթ տոնին համար գյուղակին։
Եվ պիտի այդ բաժակներեն, պարելով,
Խըմենք գինին Տարփանքին։