Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/173

Այս էջը սրբագրված է

12. ԱՆԴԱՊԱՀԸ

— «Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜»։
Հովերուն հետ սարեն եկող անդապահին աղաղակն է։

Ուսընդանութ պարկը կախած և մասրենի ցուպ մը ձեռքին՝
Յորյաններու զըմրուխտին մեջ կը թափառի ան առանձին։

5 Արևներուն մեջ կը լողա ինչպես ամրան իշամեղուն։
Աչքերուն մեջ կը ծավալի կանանչ երազը դաշտերուն։

Գիշերը մերթ սարին նըստած լուսինին դեմ կածե սըրինգ.
Խրտվիլակը ցանքին մեջեն, միակ ընկեր, կը լըսե զինք։

Երգերուն տակ անդորրական հասկերն համայն կը ծոցվորին․
10 Կը կատաղի՝ երբոր զանոնք իր թևին տակ լըլկե քամին։

Ան սարսափն է բոլոր անոնց՝ որ կավրեն անդ ու անդաստան.
Կը խըռովեն շողքն արևուն, կը կոխկըրտեն հացը վաղվան։

Ի՜նչ խլուրդներ Է ըսպաննած, և պնդագլուխ ի՜նչ գոմեշներ
Հարվածներեն իր ճարահատ ճահիճներն են ապաստաներ։

15 Ան դեռ երեկ քաղվորներու չըքնաղ երամ մհալածելով՝
Հարսի մը ոտքը ջախջախեց սատկած իշու մհաղթ ծընոտով։

Ու սարին վրա միշտ հովերո՜ւն, հովերո՜ւն հետ կաղաղակե.
— «Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜»։