Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/178

Այս էջը սրբագրված է

16. ՍԱՅԼԵՐԸ

Գյուղին ճամբայեն սայլերը կերթան
       Հունձքով բեռնաբարձ։
Մայրամուտին մեջ շարժուն բուրգեր են՝
       Ճաճանչներ հագած։

5 Թխադեմ տղաներ, դեզերուն վըրա,
       Կը խըթանեն մերթ
Մեծղի եզերուն կողը սըրսըփուն,
       Կողը լուսաշերտ։

Գոմեշներ, համառ, ետև կարկառած
       10 Իրենց մութ լեզուն՝
Կը քանդեն որան որ կը հեղեղվի
       Իրենց նուսերուն։

Ցորեններ ի լյուղ պերճ արյունին մեջ
       Իրիկնադեմին՝
15 Նոր պըսակ կըլլան պըսակին վըրա
       Անոնց եղջյուրին։

Ճամբան, արտերեն կալերը մինչև,
       Կը ծըփա հասկով՝
Զոր ուշ մընացած հավեր կը քըրքրեն
       20 Զըվարթ կըտուցով։

Ճամբան խարտյաշ է, կարմիր է ճամբան,
       Որան եզերքին
Արյան կը ծորե չափազանց հասուն
       Փոշոտ մորենին։