Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/180

Այս էջը սրբագրված է

17. ՃԱՐԱԿՈԻՄ


Բըլուրին գաղջ կողին վըրա ընկողմանած
          Սըրինգ կածեմ.
Եզներըս լայն հովիտին մեջ, սըրտի երգով,
          Ես կարածեմ։
5 Լուսնակն իջած է մանգաղված լուռ արտերուն
          Մակերեսին.
Կը ծավալե խոզաններուն մեջեն հեզիկ
          Կաթը լույսին։
Ջինջ գիշեր է։ Երգս անհունե անհուն, խաղաղ,
          10 Կը ծըփծըփա.
Եվ սըրինգըս, հովերուն հետ, իր ծակերեն
          Շաղե՛ր կու լա։
Հեռո՛ւն կը լսեմ բոժոժներն իմ նախիրներուս,
          Որոնք կարծին
15 Ցորյաններուն ծիղն՝ ոռոգված մեղրերուն մեջ
          Ծիր Կաթինին։
Կը լըսեմ մուշ մուշ ճարակումն՝ առվեզերքի
          Թուփերուն մեջ
Ուր մոզին իր դունչը մըխած՝ կը բըզըքտե
          20 Խոլորձը գեջ։
Ցուլերն ամեն, գըլուխնին կախ, կարծես դյութվա՞ծ
          Ինձ կերևան․
Գոմեշներուն բիբերն ահեղ աստղերուն տակ
          Մերթ կը շողան։