Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/185

Այս էջը սրբագրված է

25 Կերգեմ հոտաղն՝ որ կը հարթե կալատեղ
       Լողքարի՜ն զինքը լըծած,
Մինչ քըրտինքով կը թըրջըվի շապիկն իր
       Կուրծքին վըրա՝ պատըռտած։

Կերգեմ հարսերն՝ որ հինան դեռ մատերնուն՝
       30 Կը մաղեն ժիր ժիր գարի.
Կը թափթըփին իրենց մաղին ծակերեն
       Կարծես շիթեր գոհարի։

Կերգեմ մշակներն՝ որ սայլերուն կատարին
       Աստվածներու պես կանգուն՝
35 Երկժանիով կատաղորեն կը քանդեն
       Ճակատն հըսկա դեղերուն:

Կա՜մը կերգեմ՝ որ կը նավե շուրջն հունձքին
       Իբրև հրագույն՝ լիճի վրա,
Հետո ցորե՜նն աշխարհ ածուփ՝ որ արդեն
       40 Հարդերուն մեջ կը լողա։

Օ՜, ի՜նչ քաղցր է երթալ խաոնվիլ էությամբ
       Այդ սըրբագույն վաստակին.
Տըրեխներեդ մինչև մազերդ համակվիլ
       Մըղեղներուն մեջ դեղին։

45 Փուռի կայծի՜ն, դաշտի հացի՜ն ի խնդիր
       Ըլլալ Պա՜նը կալերուն,
Վերադարձնել ջաղացքներուն սըրտին մեջ
       Իրենց երգերը անհուն։