Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/186

Այս էջը սրբագրված է

20. ԿԱԼԵՐՈԻ ԳԻՇԵՐ


Ամարվան քա՜ղցըր գիշեր, գլուխը կամին վրա դըրած՝
Աշխատանքի սուրբ Ոգին կալերուն մեջ կը նընջե։
Կը լողա մեծ Լըռությունն աստղերուն մեջ ծովացած։
Անհունը՝ բյուր աչքերու թարթափով՝ զի՛ս կը կանչե։

5 Կերգեն, հեռուն, ծըղրիդներ։ Ջուրերուն մեջ լըճակին
Կըլլա Հարսնիք մը ծածուկ նայադներու այս գիշեր,
Սյուքն հուղելով ուռենին ափերուն վրա գետակին՝
Կարթընցընե անծանոթ լարերու վրա նըվագներ։

Ծոթրիններու բույրին մեջ, պառկած կատարը դեղին՝
10 Ես կը թողում որ սըրտիս դըպչի ամեն մեկ ճաճանչ.
Ու կարբենամ գինիովն Անհունի մեծ կարասին՝
Ուր կը ճըմլվին ասուպներ քայլի մը տակ անճանաչ։

Հե՜շտ է մըտքիս ընկըղմիլ կապույտին մեջ լուսալիք,
Նավաբեկիլ — թե հարկ Է — կըրակներուն մեջ վերին.
15 Գըտնել աստղեր նորանոր, կորսըված հի՜ն հայրենիք՝
Ուրկե ինկած հոգիս դեռ կու լա կարոտն եթերին։

Վերանալ քա՜ղցր Է ինծի թևերուն վրա լըռության,
Լըսել միա՜յն Միջոցին շնչառությունն անխըռով,
Մինչև աչքերըս գոցվին քունի մը մեջ դյութական,
20 Ու կոպերուս տակ մընա Անհունը իր աստղերով։

Ա՜յսպես, ա՜յսպես կր նընջեն գյուղին մարզիկը ամեն.
Հոտաղն Է իր սայլին վրա, վերմակին տակ լուսածոր,
Հարսն Է դեզի կատարին՝ ծոցը բացված զեփյուռեն՝
Ուր կը պարպե Հարդգողն իր կաթը սափոր առ սափոր։

25 Եվ այսպես՝ օր մը պառկած՝ փողփողումին տակ երկնի,
Իմ ծընողներըս մըշակ՝ զիս հըղացան կաթոգին,
Զիս հըղացա՜ն սևեռած իրենց աչքերը բարի
Վերն ամենեն մեծ Աստղին, ամենավառ Հըրայրքին։