Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/189

Այս էջը սրբագրված է

22. ՄԻՋՕՐԵ

Այս այն ժամն է՝ երբ կալին մեջ Աշխատանքն առած կանգ՝
          Արևուն տակ կը հևա։
          Կը նընջե մեն մի մըշակ։
          Քարայրին մեջ Հեռակա
5 Հեծեծագին կը մեռնի զով Զեփյուռը ամրափակ։

Միջոցին սիրտն՝ հըրեղեն ցանցի մը մեջ սեղմված՝
          Կը բաբախե հազի՜վ հազ։
          Լըռության մեջ շողարծարծ
          Ի՜նչ հըծծյուններ, ի՜նչ երազ.
10 Եվ ի՜նչ բույրեր առտըվան եղեգներուն կըտըրված։

Կը քընանան անտառներ թուխ կողերուն վրա սարին՝
          Արծաթահյուս քողի տակ
          Կապույտին մեջ, առանձին,
          Կերթա ամպ մը կաթնորակ
15 Փափուկ բուրդեն ծըվեններ թողլով ժայռի կատարին։

Կընդունի հողն իր սըրտին մեջ իր սըրտեն ճեղքվելով՝
          Լույսին նիզակն արյունոտ։
          Աղբյուր մը հոն, ծառին քով,
          Կը հեծեծե նըվաղկոտ՝
20 Իր ոռոգած ծաղիկին վրա մեռնի՜լ չուզելով։

Գոմեշներ՝ լուծը լըքած՝ ճահիճին մեջ կը պառկին
          Իրենց բերնեն հոսելով
          Թելերն արծաթ շողիքին։
          Սայլերն, անգին, գեղին քով,