Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/207

Այս էջը սրբագրված է

2. ԾԱՂՐԱՆԿԱՐ

Ծաղրանկարդ է։ Ես գըծեցի զայն
Դևի ներշընչմամբ՝ երբ զիս խաբեցիր։
Ո՜վ ցասումի խաղ. ոգին հեգնության
Կարծես անոր մեջ կը խընդա զազիր։

5 Դիմագիծդ ամբողջ ճըմըռթկեցի հոն՝
Ինչպես օր մըրավ ան սիրտս անձնատուր․
Արդ բիբերըդ ցից, կոպերդ լերկահոն
Ծաղրով են լեցուն, շնորհքե թափուր։

Վարդի մը հանգույն ճըմլված աքացի
10 Տվի քեզ այտեր, ունչեր՝ միսե գուշ․
Հաստ հաստ գիծերով դեմքըդ տափկեցի.
Արդ լիալուսին մ՛ես ...անոր պես ապուշ։

Շըրթունքներըդ զույգ կեռասներ են գեջ՝
Զառամ քերթողի մճաշակին հարմար.
15 Որովայնդ է մե՜ծ. մեր զատվելեն վերջ,
Ո՛վ կույս, հըղի՜ ես դու ինձի համար։

Արդ՝ ա՜լ գոհ եմ ես, ես որ օր մ՝ըզքեզ
Կարծեցի Ժոգոնտ մը՝ կենդանացած
Վինչիի վըրձնով, կամ Եվա մ՝հրագես
20 Զոր ստեղծած ըլլար իր կողեն Աստված։

Ո՜վ հաղթանակ. ա՜լ կըրցա զիս դյութող
Այնքա՜ն կատարյալն՝ անկատար ընել։
Վրեժն երբ ծաղրե (գիացի՜ր, ո՜վ Դրժող)
Աստղիկը կըրնա խափշիկի փոխել։