Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/211

Այս էջը սրբագրված է

Եվ զըմըռված կուռքերուն, կընքըված հին օրենքին
Թավալման ձայնը կու գա շեփորներուն երախեն,
Ասդին՝ արդեն ռուսական Մարզերուն վրա կորոտան
Հըրավերները կըռվին, և խոստումներն Երազին...
60 Բեեռներուն մեջ ռումբերն ամպերու պես կը գոռան։
Սառնակույտերը, նըման ադամանդյա ժայռերու,
Կը թավալին։ Արջերն իսկ ընդվըզումի շեփորեն
Սարսափահար աչքերով հյուսիսայգին կը նային։
Մինչ կը կանգնեն բանտերն հաղթ՝ անդին կիյնան պալատներն
65 Հավնոցներու պես անարգ՝ մըրրիկներեն գերփըված։
Կանցնին ռումբերն Ֆինլանտեն մինչև Կավկասը խըրոխտ,
Եվ պայթյունին մեջ իրենց, իրենց բոցին մեջ աղվոր,
Վարդենիի հըրավառ անտառակներ կը ծաղկեն։
Կարթննան ճիղմ հասակներն, ուժն ըստեղծող կարթըննա՝
70 Բոցն ու արյունը իրենց հեղեղին մեջ հափափիչ
Կառնեն, կը գլեն, կը քըշեն, կընկըղմեն վիհն Անցյալին
Կըռարձաններն ոսկեձույլ, քըրմապետներն ընչաքաղց,
Օրինագիրքն յուղոտած և գայիսոնը ցեցոտ։
Կանցնի՜ն, կանցնի՜ն, Աստվածնե՜ր, անմահացած մարգորեն,
75 Պրոմեթեներ, որոնք հաղթ հասակներով արփամերձ,
Վե՜րն, Աստուծո ոտքին տակ մանգաղն իրենց երկարած՝
Կը հնձեն դաշտերն աստղածուփ, անդաստանները լուսնին.
Ու երկնային կըրակով՝ Երկիրը մեր կը ցանեն։
Ո՛վ Դար, ով Դար, Ֆերրերի արյուն թաթախ խրո՜խտ Ոգի...
80 Կըլլա Սպանիան՝ հըրաբուխ, և Բորթուգալը՝ հըրդեհ։
Ցուլ ժողովուրդն եղջյուրներն իբրև շանթեր կը ցըցե