Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/212

Այս էջը սրբագրված է

Մատրիտի մեղկ գահին դեմ, ճորտն Հըռովմի Աթոռին։
Կուատալուփ կը կարմրի ըմբոստներու արյունով,
Եվ իր սահանքը կերգե պարեխներուն մեջ. — Վըրեժ.․․
85 Անտալուզի աղջիկները, շուշանով պըսակված,
Խոստովանիլ չե՛ն երթար, այլ փաղանգին մեջ ըմբոստ
Կառուգանան։ Դրոշակներն Ընկերահաշտ հայրենյաց
Քամիներուն կը հանձնեն մազերնուն հետ թըխածուփ։
Մարդկային Միտքն ընկերվար, կուգա բանալ վերջապես
90 Իմաստության Ըսփինքսին ապառաժե շըրթունքներն
Հրեշն ամենուն կը խոսի, կը սորվեցնե ամենուն.
Կը պատռտե անխընա ճիրաններու տակ արնոտ
Սըտության Գիրքը՝ բոլոր դասակարգյալ քուրմերուն։
Արևելքեն Արևմուտք, և Հյուսիսեն մինչ Հարավ
95 Քաղցը կոռնա շան մը պես, Քաղցն Հիսուսի պես կու լա.
Ու վերջապես միակ Զոհ, ու վերջապես միակ Ուժ.
Իմաստությունն ալ կըլլա՝ ցարդ Տառապյալն ըլլալուն
Ա՜ն, աշխարհիս իբր առանցք, կու տա օրենք մաննըման՝
Զոր չը ճանչցավ Սոկրատես, հազի՜վ Քրիստոս երազեց.

100 Ո՜վ Դար, ո՜վ Դար, դու Նեռի աշխարհացոյց մռա՜յլ Ոգի
Եկեղեցին կը սարսի իր սեմերուն վրա կավե։
Բոլոր շըղթան Իմաստակ Ուսուցումին չի զորեր
Ավետարանը լըծել անոր ոգվույն հետ անհաշտ։
Հովիվներուն սըրտին մեջ կը հայտնվին գայլերն հին,
105 Կը նախընտրեն ա՜լ հոտերն, հոգիներն ա՜լ կը սիրեն
Երթալ ազատ թափառիլ աստղերուն տակ Խորհուրդին՝
Քան թե հըլու մակաղիլ ճիրաններու տակ նենգող։
Լումաներու փոխարեն՝ Պապերն ի զուր կը տըքնին
Բանալ դըռները Դրախտին՝ բալիքներով ժանգոտած։
110 Վանքերու մեջ բոզությունը շվայտորեն կը կըտղի.