Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/218

Այս էջը սրբագրված է

8. ԱԿՈԻԹԸ


Ակութին շուրջ, զոր կերտեցին
Մեծ Ռափայելն ու մեծ Մուրատ,
Եվ արծարծում տըվավ բոցին
Մըխիթարի ոգին հըրատ,

5 Հավաքվե՜ր ենք այսօր նորեն
Լույսի ստինքին Սաթ ընկերներ։
Սիրտը մեկուս մլուսին սըրտեն
Կը ստանա խանդ ու փայլակներ։

Ակութին շուրջ մերթ կը պատմենք
10 Հեքիաթը մեր մանուկ օրվան։
Մեր դեմքերուն վրա աննենգ
Ցոլքերն հուրին կը ծըփծըփան։

Տո՜ւր ձեռքդ, Ընկե՜ր. մենք ձեռք ձեռքի
Շըղթա կազմենք շուրջը Լույսին
15 Արեգակը մինչև ծագի
Զյուներուն վեհ Մասիսին։

Տո՜ւր ձեռքդ, Ընկե՜ր. հավերժորեն
Չի՛ շիջանիր ակութը մեր,
Ալիշանի ձեռքը վերեն
20 Միշտ կը թափե հոն աստըղներ։