Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/225

Այս էջը սրբագրված է

15. ԱՆԴԱՍՏԱՆ

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղություն թող ըլլա...
Ո՛չ արյուննհր, քըրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
5 Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա։

Արևմըտյան կողմն աշխարհի
Բերրիություն թող ըլլա...
Ամեն աստղե ցող կայլակի
10 Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա։

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատությո՜ւն թող ըլլա...
15 Ոսկի ծռվուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աշուններուն երբ բացվի՝
Բերկըրությո՜ւն թող ըլլա։

Հարավային կողմն աշխարհի
20 Պըտղաբերում թող ըլլա․․․
Ծաղկի՜ մեղըր փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թըխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգություն թող ըլլա։