Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/249

Այս էջը սրբագրված է

Միշտ կը բացվի, թափուր շիրիմ բոլորակ.
55 Ներշընչե լույս, արտաշընչե հուր, մոլուցք.
Կոճղը խըլե (արշավիդ դեմ փայտե բռունցք)
Ելիր քաղքեն ընկըղմելով ճամբուն վրա՝
Կախաղան, գահ, ճընշող օրենք և շըղթա՝
Որ Է՝ շիլ Մահը, Բըռնություն, Գերություն,
60 Փըտած հիմեր՝ որք կը բըռնեն Տերությունն.
Եվ մաքրե բեր կոհակներուդ ջուրովն հին
Արցունքն հայուն սեմեն, արյունը՝ թուրքին.
Եվ տարածվե՜, խընկարկությունն հովերուն,
Կորովն հողին, Սևանա բա՜շը փըրփրուն
65 Ընդգրկե դու. երկընքին հետ միացիր...
Օ՜ն, մեծությունն ու լայնությո՜ւնն․ օ՜ն, կարմիր,
Տե՜ս արշալույսդ։ Խորտակե լուծդ։ Ակռաներդ
Վագրի հորձքով թող պատըռտին փերթ առ փերթ
Ձեռքն որ ջանքիդ կեսը իրեն կը շորթե.
70 Այգիի մեջ միշտ Բըռնակալը որդ Է...
Առատ քըրտնե։ Եղիր զավակ Թորգոմյան։
Սիրով ձուլված դեպի հառա՜ջ հաղթական
Դեպի Բնություն, ազատություն, դեպի շող,
Դեպի հունձքեր, դեպի հովերն ու Ստեղծող։
75 Լայն և ազա՜տ։ Շարժե, խոպա՜, Ժողովո՜ւրդ,
Գաղափարի՜ առյուծ, ցատկե ժայռ և խութ.
Հաղթ քայլերուդ առ հորիզոնն առաջնորդ,
Բարձրությունդ աստղն, Մասսյաց վիհերն՝ իբրև պորտ.
Կը բանկին տակ լըքում լաց.
80 Եվ տարածվե, և բաց թևեր տիտանի.
Արգելքն թող իյնա ոտքիդ տակ, թող մեռնի,
Ըլլա սահման քեզ՝ Աստվա՜ծ...