Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/25

Այս էջը սրբագրված է

Կհոսի կերթա՝ կոյուղին իսկ բուրումով լեցնելու,
Գո՜րշ է կավով ու կիրով, լեղի կիրով հերաթափ,
Եվ իր ուղխին հետ մեկտեղ մերթ կը գըլե կը տանի
Թըխակուտակ թընճուկներ, անութներու գանգուրներ,
65 Եվ խըռիվներն աղվամազ այդ կիպերյան լուսեղեն
Արձաններուն կենեղուտ՝ որոնք այլևս ումաթափ
Կը լեցընեն հուսկ թասերն, թասերը հուսկ կը պարպեն.
Գուռերն հեղ մալ կը հորդին, բաղնիքն հեղ մալ կաղմկի
Ջուրն եռեփուն կը վազե, հե՛ղ մալ կլողան հուրիներն։
70 Կը բըռնըկի մորթերնին վարդի մը պես բոցավառ
Եվ նըվաղուն բիբերով, թասերն՝ իրենց գըլուխին,
Կուրծքերնուն վրա միշտ գրկած դեզերն իրենց ծիծերուն՝
Այլևըս դուրս կը փութան, շարան շարան, հևասպառ
Անգայտացած շոգիով, կակայներու պես բոսոր...
75 Օ՜, գանգուրներն հորդառատ՝ իրենց կուրծքին վրա մերկ
Օ՜, գանգուրները խըխում, կաթիլներով ծանրացած.
Որոնք բոբիկ ոտքերնուն՝ սատափ ցողեր կը ծորեն.․.:
Ինչպես պատմել ձեր օծումն, ի՜նչպես պատմել ձեր զարդերն
Երբ մարմիննիդ կը սըրբեք, և կուռքի պես կը հագվիք...
80 Թող համբուրեմ մատերնիդ զոր դուք այսօր կը թաթխեք
Հինաներու գուշին խորն՝ իբր արյունոտ սըրտի մեջ,
Թող համբուրեմ մազերնիդ կընդրուկներով օծանուտ՝
Որոնք, գիշերը, լուսնին տակ, կը բուրեն բարձին վրա,
Եվ հոնքերնիդ ծարուրված, ամպանըման թարթիչնիդ,
85 Եվ լանջքը՜ ձեր՝ որ փաղփուն մանյակներով ոսկեշար
Ամուսնական անկողնին նըշողուն ջահը կըլլա.
Թող համբուրեմ պորտը ձեր՝ ուր ծըրարած կը ծածկեր
Թե՛ Արաբիո հաշիշներն և թե՛ մուշկերն Ափրիկյան։
Ձեր տուներն այժը՛մ կ՝երթաք գոհարներով բեռնավոր...
90 Թող սալարկները Քաղքին ձեր քայլերեն թարմանան...
Ցուրտը խածնե թուշերնիդ, ու այտերնիդ բոսորե:
Վարշամակեն ձեր տամուկ, քըղանցքներեն ծըփծըփուն