Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/261

Այս էջը սրբագրված է

3. ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ ՄԱՀԸ

(Հ<ԱՅՐ> ԱԼԻՇԽԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ)

Խոնջ արևին դեղնած շողերն կը հևան,
Եվ մի քանի օրհասական նըշույլներ
Մեղմիկ կիյնան սենեկին մեջ։ Մեկ չոր հազ
Կիմացընե՝ թե պըվետն է արթընցած։

       5 Նա կը նըստի անկողնույն մեջ։ Երազներն
       Կը փախչըտին ոսկի, աղվոր թևերով.
       Մաշած ու խոնջ սըրտեն հառաչ մը կելլա
       Եվ կը մարի չորս որմերուն մեջ լըռին։

Վեհ խոհանքներ՝ լոկ կը շոյեն ու կանցնին
10 Անոր ճակատն. իզո՜ւր կուզե հույսն հետին
Զանոնք բըռնել. և իզո՜ւր փափագներ
Կուզեն զանոնք գըրկել, շոյել, չի թողո՜ւլ։

       Մարած աչքով նա կը նայի բըռընկած
       Արևմուտքին. և կը հուզվի՜, կը սիրե.
       15 Ոտքի վըրա կըղձա կանգնիլ, և կիյնա։
       Չոր կոկորդեն բառ մը կելլա. «Ա՛հ, գըրի՜չ»։

«Ո՛հ, Աստվա՜ծ իմ..․», կը կըրկնե ան։ Անուշիկ
Վերջալուս մը կուգա ճակատն համբուրեր
Մըտքին միջև հիշատակներ ցիր ու ցան
20 Կը թափառին, անուշ, տըխուր կամ անգո՛ւթ։

       Վերջին անգամ կուզե խոսիլ և գըրե՜լ․
       Կը դողդըղան պաղած շըրթունքն ու ձեռքեր.