Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/28

Այս էջը սրբագրված է

Եվ զարնելով փարախին դրան քարին վրա
25 Խորտակեր սրինգը տոսախ
Խենթի մը պես կողկողագին ողբալեն,
Ո՛վ վարսագեղ հովվուհիս։

Երբ ներս մըտավ իմ շեմես,
Ձյուն կարապներս օձաճապուկ վիզերնին
30 Կարկառեցին դեպ անոր,
Դեպ մարմարե իր ոտքերուն համբույրին
Եվ շունս հըլու, փորին վըրա սողալով,
Եկավ լիզել կրունկներն անոր ադամանդ,
Ժըպիտներով աչքերը լի, վիթի պես,
35 Ան ներս մըտավ իմ շեմես։

Տնակըս բույրո՞վ լեցվեցավ,
Զի ծոթրիններ ծորեցան
Պատմուճանին քըղանցքեն,
Զի արևով օծված ոսկի մազերեն
40 Բուրյան մեղրեր ծորեցան,
Եվ բիբերեն՝ մարգրիտներու պես փաղփուն՝
Թափթըփեցան ասուպներ.
Տնակըս լույսո՜վ լեցվեցավ։

Մեզ գըրգարան շինեցի,
45 Գարնան բոլոր վարդերը գոգ գող բերած՝
Հարդարեցի մեր անկողինն հիմենի,
Նունուֆարներն՝ որոնց ծղոտները կակուղ
Հոտող սուրիս ներքև արյուն ծորեցին՝
Մեր գըլխուն տակ բարձ եղան,
50 Ծաղիկներովն հողին և ջինջ ջուրերուն,
Աղվամազով տատրակներու դունչերուն
Մեզ գըրգարան շինեցի։

Վարդերուն վրա փըրփրեցավ
Իր մերկությունն երե՜ք անգամ կաթնային,
55 Հընդկաստանի յուղերով
Լույսերու պես օծեցի շեկ վարսերն իր․