Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/285

Այս էջը սրբագրված է

իր անխուսափելի ուժին։ Արու բռունցքդ խորտակվեցավ իր լուսանուրբ ձեռքին տակ։ Մռայլադեմ, դուն կը գոչեիր — «Կ՛ուզեմ գաղտնիքը սրտիդ, հոգիիդ, էությանդ»։ Ան, լըռիկ, իր հերիշխող հրապույրին հպարտ թովանքը տվավ քեզի, և, պահ մը միայն ընդվզած, հլու հպատակ, պառկեցար ոտքերուն ներքև այդ ըմբոստ կնկան...

Տարփական երազդ ներփակող գիշերին մեջ Առեղծվածը քեզ կը դիտե կնոջ հպարտ շրթներուն վրա և անոր աստեղալից աչքերուն մեջ։ «Խեղճ հիմար, կըսե քեզի, ես անհպելին եմ»։ Եվ կը ժպտի իր սփինքսաչին ժպիտը։

Բարեգութ Անահիտը.— «Քնացի՛ր», — կը մրմնջե, և իր գգվանքով կանդորրե քեզ։ Տերևուտքին տակ սյուքը կերգե գաղտնածածուկ. և Տալիլան թեքվոդ գլուխիդ վրա հակած, բերան բերնի քեզի կը կրկնե.— «Քնացի՞ր, գէղեցի՜կ հաղթվածս... պիտի երբե՜ք չգիտնաս»:

Դուն պիտի երբե՞ք չգիտնաս թե ան, տարփահա՜ր Կիրկե, ինչո՜ւ քեզ ատեց, ինչո՜ւ քեզ կանչեց, ինչո՜ւ եղավ գոռոզ, և ոչ ալ պիտի ըմբռնես թե ինչո՜ւ իր լուծը փաղաքշորեն քեզի տվավ: Տես, խավարին մեջ իր բազուկները, բաբախուն թև թռիչներու նման, քեզ դեպի իրենց կը քաշեն։ Քա՜ղցր է պարտվիլը իր դյուրափշրելի ծոցին վրա։ Մոռցի՜ր մոլուցքդ և իր մարտահրավերը և՜ իր հաղթանակը։ Սամսոնն եղիր քու Տալիլայիդ։ Խմե՛ արբշռությունը և սերը։