Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/291

Այս էջը սրբագրված է

դիմաստվերը կը ցցվեր հորդ լnւյսին մեջ։ Սպառնացող շողյուններ կփայլատակեին իր անոսր թարթիչներով աչքերուն խորը, որոնք ընկղմած էին իրենց ակնակապիճներուն մեջ։ Արևուն դեմ կը փայլեր աղտեղությունը իր կասկարմիր ֆեսին՝ որմե մի միակ թելով մը կախված էր ծոպը։ Ձեռքի անընդհատ շարժումով մը դեպի ետ կը վաներ իր ճերմակ մազերուն խռիվները, որոնք հորդելով գլխանոցին եզերքներեն՝ կիջնեին շատ վար, մինչև իր փոսարած քունքերը։

— Դե՞հ, մի բարկանար, Վասիլի, ծաղրածեց մանչը, աղեկ գիտես որ մենք հին բարեկամներ ենք...

Մյուսը ընդհատեց իր հիշոցքներուն հեղեղը. ուշադրությունը գրավեցավ սիրուն խարտյաշ աղջկան մը ներկայությամբ, զոր վեճին աղմուկը անցնելու պահուն, կեցուցած էր կաղնիներու ծառուղիին մեջ:

— Ա՜հ, դո՛ւն ես, Ծամարո, — ըսավ, — աշխարհիս վրա մեզմե զատ մարգ չկա, այնպես չէ՞ քսանֆուլա[1]:

Եվ ժպիտեն՝ դեմքին կնճիռները բազմացան:

Երբ աղջիկը, ծիծղուն, գլուխը օրորելով կը հեռանար՝ Վասիլին՝ վավաշոտ աչքով մը հետևելով անոր ազդրներուն տատանումին՝ ետևեն արձակեց աղտոտ խոսք մը՝ հազիվ թե լսելի։

Ես հետաքրքիր սկսա զննել այդ զառամած դեմքին զորեղապես շեշտված գիժերը՝ զոր ավելի կը ցայտեցնեին մորթին մթագնած գույնը, ճերմակ փայլուն մազերը, և բիրտ կարմրությունը շրթունքներուն՝ որոնցմե վար կը կախվեր գլանիկի ծայր մը։ Քովես անցնելով մարդը, անխոս, սևեռեց ժպիտ մը կես անմիտ և կես նենգավոր իր բերնին խորշին մեջեն, հետո խեղդուկ և տատամսուն ձայնը հանկարծ դանդաղեցնելով սկսավ վրդովիչ մանի մը ավելի քաղցր ու ավելի թախծոտ ոլորակով։ Բառերը կարծես նվաղուն հրապույր մը զգեցած, կը հատկլեին համրաբար,

  1. Խարտիչուհի։