Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/292

Այս էջը սրբագրված է

կը պարուրեին այնպիսի կսկծալի բանով մը, որ հակադրություն կը կազմեր բնության ծիծաղկոտ և լուսողող տեսարանին և ցայտուն նրբություններուն քաղցր ներդաշնակության հետ՝ ուր Ապրիլը կարծես կը զետեղեր, իր հաղթական պայծառությամբը, շլացումը գարնան, ու ճառագայթող հույսը նոր ու հզոր ավիշին։

Մանչը, որ ալ չէր խնդար, երբ աշխատությունը ավարտեց, ժողովրդի անձերուն հատուկ ընտանությամբ մը, որոնք քաջալերված կը զգան ինքզինքնին՝ ինծի ըսավ.

— Եթե քիրիան կը փափաքի անոր պատմությունը լսել, թող դպրոցին վարժապետին դիմե։

— Արդյոք շա՞տ ծեր Է, հարցուցի, իմ սեպ մտածումիս թելը շարունակելով, մինչ երգին թառերը տկար արձագանքով մը դեռ կու գային, և հոն հեռուն, Այիա Պարասկրեվեի բարձունքներուն կող մը Վասիլիի դիմաստվերին մութ բիծը աստիճանաբար կը չքանար, կը նվաղեր արևահեղձ և փոշելից ճամբուն վրա։

Բնազդաբար՝ մանչը ձայնը մեղմացուց, իբրև թե ճակատագրի մը դեմ դավադրեր․

— Ա, կարծեմ թե կա վաթսուն տարեկան, թերևս քիչ մը ավելի. քիչ մը պակաս... Սա ճիշտ որ արդեն իր ճակատագիրը վճռված է: Պեյքողի և Գանլրճայի մեջտեղ ծովուն խորը կղպանք մը նետված է կնոջ մը ձեռքով։ Այն օրը՝ որ ժանգը կրծե պողպատը՝ Վասիլիգոն պիտի մեռնի...

Ժպտելու փափագ չունեի. իմ մեջս ալ կար այդ ճակատագրականությունը՝ որով Արևելքի մեջ կապրին ամեն իրեր ու էակները։ Մտածկոտ նայեցա հեռանալը, հետո անհետանալը այդ տղուն՝ որ լի է աղմկոտ զվարթությամբ և գրեթե անգթորեն կատակելու պատրաստակամությամբ, և որ իբրև հետաքրքիր կողմը իր ներքնապես անտաշ բնավորության—տոգորված էր ավելորդապաշտ հարգանքով մը հանդեպ հրաշավեպներուն՝ որոնցմով իր մանկությունը սնած էր։