Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/294

Այս էջը սրբագրված է

Փաշա Պաղջեի բլուրներուն կռնակեն կը ստանա բյուրեղի թափանցկություններ, այն ժամուն՝ երբ Ասիական ափունքին մենավոր ճերմակ պալատները վեր կը ցցեն իրենց պայծառ բիծերը, գծագրելով ավելի կենդանի իրենց արտակարդ ճարտարապետության սիլուեթը Պեյքոզի լեռներուն մութ զմրուխտ խորքին մեջ, և երբ ծովը, հեշտօրոր սիրենա, այնքան հղկուն ու կապույտ, կը սարսռա քամիին գգվանքին տակ... նրբակերտ մակույկներուն շնորհալի տողանցքին մեջ՝ Իսմեթ կը նշմարե իր երկայն կանանչագույն նավակը՝ հետսակողմեն պճնված թավջազարդ էհրամով՝ զոր վեր կը բարձրացնեն ոսկեծոպ խանթուռքը: Սրտի խռովահույզ և քաղցր տրոփյունով մը իր խալայգին՝ ճեմիլեի դիմաստվերին հետևեն ան կը տեսնե, մայրամուտեն լուսավորված իր առաջին թիավարին արու դեմքը, այրական կուրծքը՝ որ թևճակներուն ամեն ճապուկ շարժումին կաղեղնաձևի։ Իր թեթև շապիկին հնորումին ընդմեջեն, զոր իր ոսկեհյուս թավյակով թիկնոցակը կը բանար, Իսմեթ կընդնշմարեր նրբակայլակ քրտինքին մարգարտանալը թխաթույր մորթին վրա։ Ամեն անգամ որ փալիքարին վայրի բիբերը իրենները կը շոյեն գաղտագողի՝ արյունի ալիք մը կը շառագունե Տերքեզուհիին այտերը և ան կօրհնե ա՞յնչափ անգամ ատած լաչակին պատսպարանը՝ որ իրեն թույլ կու տա խռովքը ծածկելու։ Անկե խույս տալու համար իզուր թալկացած աչքերը կը սևեռե հրաշագեղ ափունքին։ Ան կը նայի, կարծես մշուշի մեջեն, ավերակ պալատը ճեզայըրլըին՝ որուն ողբերգական անցյալը երբեմն կանցնե ուղեղեն, կայսերական Հովանյակը կղզիացած՝ իր սպիտակ պատվարներով ցանկված պարտ եղին մեջ, սիրուն բնակարանը փոքրիկ Գալենտերին՝ զոր զրույցը բանաստեղծացուցած է, և, ավելի հեռուն, Թարապիայի հրվանդանը վտանգավոր հործանքով, ուր սիրահարներ մահ գտած են։ Իսմեթ կը սիրե ամենափոքր ծովախորշը՝ ուր պահականավերը դեպի կապույտը կը ցցեն իրենց կայմերը գույնզգույն դրոշիկներով։